Ընդդիմադիրներին լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական գերեզմանոցում. Ալեն Սիմոնյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում կքննարկի 10 ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը. այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցում խմբակցությունը երկու տեսակետ ունի. մի մասը կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորներն այս կամ այն կերպ իրենց արդեն զրկել են մանդատներից։
«Ես ինքս չեմ հասկանում, թե ինչպես են նրանք մտադիր վերադառնալ խորհրդարան՝ այնպիսի բարձր նշաձող դնելուց հետո, ինչպիսին այսօր է»,- ասաց Սիմոնյանը։ Նա հավելեց, որ, համաձայն երկրորդ տեսակետի, ընդդիմադիր պատգամավորներին չի կարելի զրկել մանդատներից՝ դրանով իսկ թույլ տալով, որ իրենք վերջնականապես տապալեն իրենց վարկանիշը։
Սիմոնյանը վստահեցրեց, որ, կախված խմբակցությունում քննարկումների արդյունքներից, մանդատներից զրկելու հարցը կքննարկվի Ազգային ժողովում։
Սիմոնյանը նաեւ նշեց, որ մանդատներից հնարավոր զրկվելուն ընդդիմության արձագանքը վկայում է նրանց ներսում «մանդատի համար» պայքարի մասին։
«Հիմա ես ընդդիմադիր գործիչներին լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական գերեզմանոցում, որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանին, որն ասում էր, որ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, իր դաշնակցական ընկերները տարան ու դրեցին մեր զոհասեղանին»,- հավելեց Ալեն Սիմոնյանը: