28.11.2024
ՀՀ-ն կարևորում է միջազգային գործընկերների հետ գործակցությունը. վարչապետը՝ ՖԻՖԱ-ի նախագահին
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, 2021 թվականին ընդդիմությունը երկու հիմնական թեզ է զարգացրել, որ կառավարությունը միայնակ է թողել Արցախին և երկրորդը՝ պահանջել են որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը: Փաշինյանն ասաց, որ ընդդիմությունը փորձել է հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում:


"Առաջին թեզը հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով: Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել: Այսինքն՝ ՀՀ աջակցությունն Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոս՝ 2019-ի համեմատ կամ 70 մլրդ դրամով: Իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը, և 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն Արցախի բյուջեին ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն",- ասաց նա:


Փաշինյանը նաև հիշեցրեց այն ծրագրերի մասին, որ իրականացվում են Արցախում 2020-ի դեկտեմբերից, թեև նկատեց, թե "ՀՀ կառավարությունն այս ամենն առանձնապես չի էլ թմբկահարել":


«Ճիշտ ենք արել, դա մեր աշխատանքն է: Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որոշ շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»,- հավելեց Փաշինյանը: