25.11.2024
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ավինյանի ինքնավստահությունը «հատում է հասարակածը»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետից հինգ պակաս նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ակտիվորեն քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում պաշտոնների է տեղավորում իր թիմին: Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ավինյանի ինքնավստահությունը, որ հենց ինքն է լինելու հաջորդ քաղաքապետը, արդեն «հատում է հասարակածը»: Եվ թեպետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ հենց նա է լինելու իրենց քաղաքապետի թեկնածուն, բայց, այդուհանդերձ, ՔՊ-ականներն անվստահություն ունեն նրա հարցում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը։ Պարզվում է՝ վերջինս ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում։ Մուստաֆաեւները Նոյեմբերյանի Ջուջեւան գյուղի միակ ադրբեջանական ընտանիքն են եղել: Շահինի հայրը Ջուջեւան է տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից, անասուն է պահել: Շահինը (ծննդականով՝ Շահեն) ծնվել է 1965-ին՝ Հայաստանում, մինչեւ 8-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, 9-10-րդը՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում: Նա գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը։ Զարմանալին այն է, որ չնայած որոշ կանխատեսումներին, թե պրոցեսները շատ երկար են տեւելու, եւ խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման աշխատանքը տարիներ են պահանջելու, Բրյուսելից ընդամենը 2 օր անց՝ մայիսի 24-ին, հապճեպ կազմակերպվեց հանձնաժողովների նախագահների հանդիպումը սահմանին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, իսկ հայկական կողմը պրոցեսը կանգնեցնելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ հնարավորություն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում պնդում էին, թե Շառլ Միշելի հայտարարությունն Արցախի մասով՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու հետ կապված, սխալ է թարգմանվել։ Դրա արդյունքում է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը հրաժարվում է Արցախի կարգավիճակից։ Մեր հարցին՝ այդ դեպքում կառավարությունն ինչո՞ւ չի շտապում հերքել կամ խմբագրել Միշելի հայտարարությունը, ՔՊ-ականները չկարողացան պատասխանել։ Ասացին միայն, որ, ըստ ամենայնի, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կհայտարարի այդ մասին։ Ի դեպ, երեկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը թեթեւակի «անոնսեց»՝ ճեպազրույցի ժամանակ ասելով, թե «Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային»։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը որոշել է կրկին «կրուտիտներով» լիցքաթափել երկրում իրավիճակը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել։ Մեզ հետ զրույցում Ռուբինյանը նշեց՝ հարազրույցը վերջերս չի եղել, ապա շարունակեց. «Մի անգամ շուտ հիշում եմ էդպիսի բան։ Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր եղել։ Ես էլ չառարկեցի, իսկ հետո հարցազրույցն արդեն կորցրել էր ակտուալությունը»։ Տեղեկությունը նաեւ Հանրային Հ/Ը հանրային կապերի բաժնից հաստատեցին՝ նշելով, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցը որոշվել է տեղափոխել մեկ այլ օր։ «Ավելի հրատապ նյութ է եղել, իսկ հետո բովանդակությունն արդեն ակտուալ չի եղել, առաջարկվել է, որ նոր հարցազրույցի կանչեն փոխխոսնակին ավելի ուշ»,- փոխանցեցին Հանրայինից։ Մինչդեռ իրականում Հանրային Հ/Ը-յանը «կուրացիա» անող կառավարական արբանյակներն են որոշել՝ հաղորդումը եթեր գնա, թե ոչ։ Թեման հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերել, ու քաղաքական իշխանությունը, նախապես ծանոթանալով արդեն իսկ տեսագրված հաղորդման բովանդակությանը, Հ/Ը-ին եթեր չտալու հանձնարարություն է տվել, ինչն էլ, փաստորեն, կատարվել է լուռ՝ առանց քննարկելու։ Հանրայինը, փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ծառայում ու կատարում է օրվա իշխանության հրահանգները։ Նիկոլ Փաշինյանն այլ խոստումներ էր տալիս. ինչպես միշտ, խաբեց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ցուցարարները շրջափակել էին ԱԳ նախարարության շենքը ու թույլ չէին տալիս, որ աշխատակիցները մտնեն շենք։ Այդ պահին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեռ չէր ժամանել աշխատանքի։ Տեղեկանալով շենքի շրջափակման մասին, մեր տեղեկություններով, նախարար Միրզոյանը հրահանգել է՝ որքան հնարավոր է, շատ ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ճանապարհ բացել, որ ինքը գա՝ անարգել մտնի շենք։ Ոստիկանները փորձել են հրահանգն ի կատար ածել, սակայն չի հաջողվել․ ցուցարարները ճնշել են ոստիկանական ուժերին՝ թույլ չտալով բացել ճանապարհը։ Ներկաներից մեկն այդ պահին լսել է, թե ինչպես են ոստիկաններն Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցներին զեկուցում, որ տարբերակ չկա՝ չեն կարողանում բացել, լավ կլինի՝ հետ գնա նախարարը։ Որոշ ժամանակ անց, իհարկե, ցուցարարներն ազատեցին շենքը, բայց այդ ընթացքում ներս մտան եւ երկու փոխնախարարների հետ հանդիպեցին։ Մեզ ասացին նաեւ, որ Միրզոյանը ցուցում է տվել, որ ԱԳՆ աշխատակիցներին նկուղային մուտքով դուրս բերեն շենքից, որպեսզի ցուցարարները շենք մտնելով՝ նրանց չհանդիպեն, սակայն ոչ բոլորն են լքել շենքը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում է փողոց դուրս եկած ընդդիմադիր պատգամավորներին ոչ հարգելի բացակաների հիմքով մանդատից զրկելու հեռանկարը: Սակայն, կարծես թե, Ալեն Սիմոնյանի զգուշացումները որեւէ ազդեցություն չեն ունեցել ընդդիմադիր պատգամավորների վրա, թեպետ հենց ընդդիմության շարքերում կա որոշակի թերահավատություն, որ ոչ բոլորն այս հարցում միահամուռ կլինեն եւ կգտնվեն պատգամավորներ, ովքեր կփորձեն «իրենց հարցերը լուծել»` ոչ հարգելի բացական` բժշկի թղթով հարգելի դարձնելով: Այսպիսով, «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, արդեն որերորդ ԱԺ նիստին բացակայող ընդդիմադիր պատգամավորներից որեւէ մեկը բժշկից թուղթ չի ներկայացրել խորհրդարան` անաշխատունակության վերաբերյալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին եւ նրանց վերահսկում է իր կատարածուների միջոցով։ Երեկ՝ դիմադրության շարժման բողոքի ակցիայի ժամանակ, ԱԳՆ-ի դիմաց տեսել են ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Ոմանք նկատել են նաեւ փոխոստիկանապետերի զարմանքը, երբ կարմիրբերետավորները բիրտ գործողությունների են անցել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հիմա բերետավորներին անձամբ հրահանգավորում է Սարգիս Հովհաննիսյանը, ինչում փոխոստիկանապետերից ոմանք համոզվել են երեկվա ակցիայի ժամանակ։ Իրենք նման հրահանգ չեն տվել, սակայն բերետավորներն անցել են կոշտ գործողությունների։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ լարվել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալ Հայկ Բաբայանի հարաբերությունները, քանի որ բերետավորների աշխատանքները համակարգում է Բաբայանը՝ Փաշինյանի ուղիղ հրահանգով․ Հայկ Բաբայանը Շիշ բռնող Հայկ Սարգսյանի մտերիմն է։ Մինչդեռ կուժնուկուլան թափում են ոստիկանապետի վրա։ Ընդդիմադիրների հետ հանդիպումից եւ նախազգուշացում ստանալուց հետո, մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանը որոշել է խստություններ անել՝ ցույց տալով, որ իրավիճակն իր ձեռքում է, մի քանի օր բերետավորներն իրենց բավականին քաղաքավարի էին պահում, սակայն երեկ կրկին վերադարձել են նախկին վիճակին, քանի որ նրանց կուրացիան, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՊՊԾ պետն է ստանձնել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործով: Այսպիսով, մայիսի 3-ին Գլխավոր դատախազությունը լրագրողի եւ օպերատորի ծեծի գործը ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու եւ որոշելու, թե կան արդյոք հիմքեր քրեական գործ հարուցելու համար, թե ոչ: Նյութերի նախապատրաստման ժամկետը 10-օր է, եւ այն ավարտվել է մայիսի 17-ին, ուստի նախաքննական մարմինը արդեն պետք է որոշում կայացրած լիներ` հարուցել արդյոք քրեական գործ, թե մերժել քրեական գործի հարուցումը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում միջադեպի գործով: Կոմիտեի լրատվական բաժնից ի պատասխան հայտնեցին, թե տեսախցիկի մասով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, ինչի արդյունքում որոշում է կայացվել, եւ նյութերի նախապատրաստման ընթացքը երկարաձգվել է 20 օրով: Այդ ժամկետը կլրանա հունիսի յոթին։ Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող, «Մեդիահաբ»-ի լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ: Ինչ կտա 20-օրյա երկարաձգումը՝ սպասենք զարգացումներին: Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը։ Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաեւ այս կառույցի վրա է ցանկանում դնել։  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, միության ընդհանուր ժողովին «ՔՊ-ական համայնքապետերը մասնակցելու էին եկել, որպեսզի իրենց ցանկալի թեկնածուին ընտրեին՝ որպես միության նախագահ, բայց, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որեւէ թեկնածու չի համապատասխանում կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխող ՔՊ-ն համայնքների միության ղեկավարումը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին հանձնել։ Նա, ի դեպ, երեկվա քննարկմանն ակտիվ ելույթ ունեցողներից ու գործող կանոնադրության դեմ արտահայտվողներից էր։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ժամկետների խախտմամբ ու ուշացումով, կանոնադրության մեջ փոփոխություններ անելու առաջարկներով Արտաշատի ու Արմավիրի քաղաքապետերն են հանդես եկել։ Փոփոխությունը, սակայն, ձայների ոչ բավարար լինելու պատճառով (29 համայնքապետ էր կողմ) չանցավ, միության ղեկավարի ընտրությունն էլ հետաձգվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ երեկ թե՛ մինչեւ ժողովի քննարկումը, թե՛ քննարկման ժամանակ ՔՊ-ական համայնքապետերն ակտիվ բանակցություների մեջ էին գործընկեր, հիմնականում՝ ոչ ՔՊ-ական համայնքապետերի հետ, որ փոփոխությունների փաթեթն ամեն գնով կարողանան անցկացնել։ Նշենք, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Վեդիի համայնքապետ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը, հանդիպման մեկնարկից սկսած, մի քանի ժամ շարունակ չշարժվեց նստած տեղից։ Նրան, ըստ երեւույթին, կա՛մ մեր ներկայությունն էր կաշկանդում, կա՛մ էլ Դիանա Գասպարյանին (նրա կողքին էր նստած) մենակ թողնել չէր ցանկանում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Թալինում ավագանու ընտրությունները որոշվեց, որ լինելու են սեպտեմբերի 25-ին: Թալինում շրջանառվող լուրերի համաձայն, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնողների մեջ առանձնապես ոչինչ չի փոխվել: Մասնավորապես, այս օրերին ակտիվ նախընտրական աշխատանքներ են տանում ՀՅԴ-ականները: ՀՅԴ-ից էլ ակտիվ գործունեություն է ծավալում Արծվիկ Մինասյանի բաջանաղը` Տիգրանը, ով թալինցիներին վստահեցնում է, որ նոր ընտրությունների ժամանակ այլեւս իրենք են լինելու իշխանություն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին: Նույն թվականի հունիսի 7-ին էլ նա հայտարարում էր. «Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել եւ գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի եւ պետության կողմից օգնության այլ միջոցների վրա»: Ի՞նչ ունեցանք արդյունքում. աղքատության խրախուսման քաղաքականության դեմ գործողությունը մեկն էր՝ հրապարակային աղքատներին մեղադրելը, թե «աղքատությունը գլխում է», վե՛ր կացեք եւ գործ արե՛ք։ Արդյունքներից տեղեկություններ չկան։ Աշխատանքի խրախուսման քաղաքականության դրսեւորումը եղավ վարչապետի այստեղ-այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրա, մեկումեջ էլ՝ «ոչխար պահեք» եւ այլ նման խորհուրդները: Իսկ հիմա անդրադառնանք աղքատության մակարդակի վերաբերյալ նրա հայտարարությանը եւ համեմատենք աղքատության մակարդակի թվերը՝ ըստ տարիների. 2018 թվականին նա նշում էր, թե «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: