Միրզոյանը ԱՄՆ-ում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի հարցեր
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
"Գլոբալ առումով, Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր: Փորձեմ հիմնավորել:
1. Հարաբերությունների հաստատման 30 ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:
2. Հաշվի առնելով 30 ամյա հաբելյանը, ամերիկցիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:
3. Դրա փոխարեն ստորագրվեց Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որը Հայաստանի կենսական շահերի հետ որևէ աղերս չունի՝ այն ամերիկյան օրակարգ է և ամերիկացիներն այդ փաստաթուղթը ստորագրում են տասնյակ զարգացող պետությունների հետ:
4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:
5. Կոնգրեսի մասով: Դուք ուրիշ կոնգրեսականների կամ սենատորների անուններ չգիտե՞ք: ԱՄՆ-ում կան 100 սենատորներ և 435 կոնգրեսականներ: Նոր ընկերներ ձեռք բերելու ցանկություն չունե՞ք: Ինչու՞ եք անընդհատ նույն տասնյակի հետ շփվում:
6. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:
7. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում: Մասնավորապես մեսիջներ, որոնք վերաբերել են կառավարության բարեփոխումներին ամերիկյան աջակցությանը: Այս նախադասությունը լսել են Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությունից: Դրանից օգուտ քաղել է պետք, ոչ թե այն ներքաղաքական մեսիջի վերածել:
Հ.Գ. 1 Ակտիվ ճամփորդություն դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն:
Հ.Գ. 2 Սխալ էր այդպիսի կարևոր առիթով ու այդ տեսակ խղճուկ օրակարգով Վաշինգտոն մեկնելն ու փամփուշտ սպառելը",- գրել է Սարգսյանը: