Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ընդդիմադիրներին
Այսօր՝ մայիսի 18-ին, Դիմադրության շարժման համակիրները սկսեցին փակել Երևանի մի շարք փողոցներ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում խցանումներ են գոյացել: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները սկսել են բերման ենթարկել ընդդիմադիրներին։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ապրիլի 25-ից տեղի են ունենում ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Արթուր Վանեցյանի "Պատիվ ունեմ" խորհրդարանական դաշինքի կողմնակիցները:
Դրա պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի "նշաձողի իջեցման" հնարավորության մասին։
Ակտիվիստները ցերեկը փակում են փողոցները, պիկետներ կազմակերպում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ երեկոյան երթեր են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Ընդդիմությունը վրաններ է տեղադրել Երևանի կենտրոնում։