25.11.2024
Մեր պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Իվետա Տոնոյանը վերադարձել է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը ԲՀԿ-ի` խորհրդարան չանցնելուց հետո պասիվացել էր, դուրս էր եկել քաղաքական դաշտից։ Նաեւ չէր իրականացնում Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, ասում էին` հանգստանում է։ Երեկ տեղեկացանք, որ մի քանի օր է՝ նա վերադարձել է եւ դարձյալ ստանձնել Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, «նստավայրն» էլ «կանյաչնիում» է։ Տոնոյանը հաստատեց տեղեկությունը․ «Ի սկզբանե «վերադառնալ» ձեւակերպումը մի քիչ սխալ է, որովհետեւ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ միառժամանակ իմ գործառույթները չեմ իրականացրել, հիմա իրականացնում եմ»։ Ընտրություններից հետո լուրեր կային, թե խնդիրներ եք ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, ճի՞շտ է։ Տոնոյանն ասաց․ «Չէ, չէ, բացարձակ որեւէ խնդիր չկա, տարբեր տեսակի խոսակցություններ էին կապում «Կենտրոն» հեռուստաընկերության հետ կապված, «Կենտրոնում» ես չեմ աշխատում 2017-ից, երբ դարձել էի պատգամավոր: Որեւէ իրական հիմք չունեին այդ խոսակցությունները»։


«Հրապարակ» թերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ին, երբ իրավիճակը երկրում պայթյունավտանգ էր, Գարեգին Բ-ն այցելել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, սակայն նա դուռը չի բացել կաթողիկոսի առաջ` ասելով, որ կաթողիկոսը եթե ասելիք ունի, պետք է ասի Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե իրեն: Դրանից անցել է 14 տարի, այս ընթացքում կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը երբեւէ չեն հանդիպել: Նրանց անդրանիկ հանդիպումը կայացել է փետրվարի երկրորդ կեսին: Կաթողիկոսը, ի զարմանս իր շրջապատի, չի մերժել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանդիպման առաջարկը: Մեզ պատմեցին, որ հանդիպել են Երեւանում: Բնականաբար, տարբեր հարցեր են քննարկել, սակայն մեր աղբյուրը նշում է, որ գլխավոր հարցը եղել է Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի հուշարձանի կառուցման հարցը: Տեր-Պետրոսյանը հորդորել է Գարեգին Բ-ին՝ մերժել նման հուշարձան կանգնեցնելու առաջարկը: Եվ այդ հանդիպումից մի քանի օր անց` փետրվարի 23-ին, Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ, պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»։ Հոգեւոր խորհուրդն էլ հենց հաջորդ օրը նման որոշում կայացրեց` հարգելով առաջին նախագահի հորդորը: Այս հանդիպման մասին մենք հետաքրքրվեցինք Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանից։ Նա պատասխանեց. «Առանց մեկնաբանության»: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանն էլ չհերքեց մեր լուրը՝ նշելով, որ հետո այդ մասին կխոսի, սակայն անհետացավ: Միայն հասկանալի չէ, թե ինչու են խուսափում հրապարակայնացնել հանդիպման փաստը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս, այսպես կոչված, «1000 դրամների» գործով ձերբակալվեց, ապա և դատարանի որոշմամբ կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, այլև իրավաբաններից շատերն այս գործը համարում են բացառապես քաղաքական ու «սարքված» հենց իշխանությունների կողմից: Չալաբյանն ինքն էլ նախօրեին հայտարարություն տարածեց, որ գործում «բացակայում է որևէ իրական հանցակազմ, և միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Չալաբյանին ազատությունից զրկելու իշխանության որոշումը անհանգստացրել ու զայրացրել է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք խոշոր կառույցների ու կազմակերպությունների: Ընդ որում, խոսքը ոչ միայն McKinsey & Company խորհրդատվական հայտնի ընկերության մասին է, որի նախկին ավագ տնօրենն է եղել Չալաբյանը, այլև ոչ պակաս հայտնի ու հեղինակավոր այլ կազմակերպությունների Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, եվրոպական մի շարք երկրներից: Բանն այն է, որ Չալաբյանը բավականին լուրջ հեղինակություն և կապեր ունի նաև միջազգային «արենայում», և նրա նման պրոֆեսիոնալ, հարգված, պահանջված մասնագետի հանդեպ նման վերաբերմունքը չէր կարող անտարբերության մատնվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ կազմակերպություններից լուրջ ճնշումներ են սկսվել Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ իրենց անհանգստությունն ու զայրույթն արտահայտելով Չալաբյանի հանդեպ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ճնշումների կապակցությամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ընդդիմության ակցիաների ժամանակ իրականացվող ոստիկանական բռնություններին եւ իրավապահ մարմինների տարբերակված գործելաոճին զուգահեռ՝ մայիսի 20-ին, Հայաստանում մի շատ հետաքրքիր եւ ներկայանալի քննարկում է լինելու Հայաստանի ժողովրդավարության մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այդ քննարկմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ չնայած նման միջոցառում անցկացնելն ու դրա ամսաթիվը որոշվել են շատ ավելի վաղ, սակայն հետաքրքիր է հենց այս իրավիճակում ժողովրդավարության վիճակին անդրադառնալը միջազգային հեղինակավոր կառույցների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կողմից:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը եւս ընդգծեց. «Քննարկումը պլանավորվել է դեռ ամիսներ առաջ: Մեծ ծրագրի առաջին փուլը Հայաստանում ավարտվում է մայիսի վերջին, եւ քննարկումը դրա հետ կապված է հիմա տեղի ունենում»: Հավելենք, որ քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերի ֆորմատով, եւ լրատվամիջոցների մասնակցության մասով դեռ որեւէ հստակեցում առկա չէ: Ի դեպ, Հայաստանի ժողովրդավարության թեմայով քննարկմանը ներկա են լինելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը եւ այլք»:


«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։ Նա մանրամասն տեղեկատվություն է պահանջել փողոցային բողոքի ակցիաների ընթացքի, այդ իմաստով օպերատիվ իրավիճակի ու հնարավոր զարգացումների հետ կապված, հարցրել է, թե որքանո՞վ է իրավիճակը վերահսկելի և որքանո՞վ են ուժերը բավականացնում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ ուժայինները պատասխանել են, թե այս պահին իրավիճակը վերահսկելի է, սակայն ամեն վայրկյան կարող են ուժերը չբավականացնել, և վիճակը դուրս գա վերահսկողությունից։ Նրանք առանձնահատուկ անհանգստություն են հայտնել, որ ակցիաների մասնակիցների մեջ շատանում է քաղաքականապես չեզոք մարդկանց թիվը, որոնք ոչ մի քաղաքական շրջանակի չեն հարում։ Նաև զեկուցել են, որ նկատելի է ուսանողության ակտիվությունը, երիտասարդների թիվը հավաքներին ու երթերին մեծանում է, ինչը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ։ Ուժային կառույցների ղեկավարներն ասել են, որ իրենց կառույցներում ևս արդեն դժգոհություններ են հասունանում, հատկապես ոստիկանության օղակում նյարդերը գերլարված են, և ոստիկանների մոտ կան ծառայությունը ոչ բավարար իրականացնելու տրամադրություններ։ Քննարկվել են իրավիճակը մեղմելու համար համակարգի աշխատողներին, առավել ևս հրամանատարական կազմին և առանձնակի նվիրումով ծառայողներին խրախուսելու տարբերակները։ Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ ոստիկանները պարգևավճար են ստանալու»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում քննարկում են դիմադրության շարժմանն աջակցության սցենարներ։ Չնայած որոշ լոկալ ակցիաներ արել են՝ աշակերտների «Զարթիր, լաո» եւ այլ ֆլեշմոբերի տեսքով, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ պետք է տպավորիչ ակցիաներ կազմակերպել եւ ցույց տալ, որ Արցախը մի քանի շաբաթ ընթացող հայաստանյան շարժման կողքին է եւ միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին։ Թե կոնկրետ ինչ ակցիայի մասին է խոսքը՝ ավտոերթ, թե այլ բան, Արցախի մեր աղբյուրները չեն մանրամասնում՝ նախ որ դեռ վերջնական որոշում չունեն, եւ բացի այդ՝ չեն ուզում պլանները գաղտնազերծել, որ Փաշինյանն Արցախի իշխանությունների միջոցով չկանխի դրանք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը, նրանց ոչ միայն պարգեւավճարներ են խոստանում, այլեւ ուղարկում են, այսպես կոչված, «հանգստի»։ Համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ նման աշխատակիցներին անգամ արձակուրդի դիմում գրել չեն պարտադրում, ասում են` գնա տուն, հանգստացի, հետո կվերադառնաս։ Հիշեցնենք, որ վերջերս հաճախ է տեղեկատվություն տարածվում, որ ոստիկանության աշխատակիցներից ոմանք ընդդիմանում են, չեն ցանկանում կատարել ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրամանները։ Անգամ լուրեր տարածվեցին, թե ազատման դիմում գրողներ կան, սակայն դիմումները ղեկավար կազմը չի ստորագրում՝ փորձում են համոզել, որ հետ վերցնեն դիմումները, խոստացել են պարգեւավճարներ։ Եվ չնայած ոստիկանությունից շտապեցին հերքել մի քանի ոստիկանի մասով հրապարակված տեղեկատվությունը, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ հրապարակված անուններով ոստիկանները դիմումներ գրել են, այլ հարց է, որ վերեւից կանխել են հրաժարականների գործընթացը եւ նրանց եւս առաջարկել են «հանգստանալ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ իշխանական կուլիսներում ձևավորված անհանգիստ մթնոլորտը իշխանական դերակատարներին հանգիստ չի տալիս. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեժ քննարկումներն ու անգամ վեճերը վերջին ժամանակներում մշտական են ՔՊ-ում տարբեր հանդիպումների ժամանակ։ Ոմանք այդ հանդիպումների ընթացքում փորձում են իրենք իրենց «դուխ տալ», թե ամեն բան նորմալ է, փողոցային շարժումը շուտով կմարի, ոմանք հարցը ոստիկանական ուժով լուծելու կողմնակից են։ «Փաստ» թերթի իշխանական աղբյուրը հայտնում է, որ սկզբից ներսում մեծաքանակ առաջարկներ են մշակվել, թե ինչպես լուծել ներքաղաքական խնդիրը, բայց վերջին օրերին հասկացել են, որ հանրահավաքների ու երթերի թափը չի նվազում և գործընթացները հետ «ֆռացնել» չի լինի: Ավելին, կարծիք կա, որ այդ անկասելի ընթացքը այլևս առանց բախումների, կամ, ինչպես իշխանության ներսում են ասում, «անարյուն» կանգնեցնել չի ստացվի։ Քիչ չեն նրանք, ովքեր որպես միակ «ելք» տեսնում են հենց ուժային բիրտ գործողությունները: Սակայն, մեր տեղեկություններով, շատերը վստահ են, որ նման «ելքը» էլ ավելի կմոտիվացնի հասարակությանը։ Ի դեպ, մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ վախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգին, որ չեն կարողացել «բնում խեղդել» փողոցային շարժումը, որը ներքաղաքականից գնալով դառնում է ազգային-ազատագրական»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանություններն արդեն բացահայտ խոստովանում են, որ ընդունված եւ գործի դրված օրենքները լավ չեն աշխատում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին: Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որն էլ զբաղվում է այս օրենքի կիրառմամբ, առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքում: Եվ այստեղ ուշագրավը ոչ թե նոր կանոնակարգումներն են, որոնք գործելու են, այլ իշխանությունների խոստովանությունը:  Հիմնավորման մեջ նշված է. «Օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել օրենքի նպատակների իրացմանը»: Այստեղ ուշագրավը հենց այս ձեւակերպումն է, քանի որ օրենքի նախագծի շրջանառության հենց առաջին օրվանից դատավորները բարձրաձայնում էին, թե այս տեսքով օրենքը չի կարող ծառայել իր նպատակին: Խնդիրներին բազմիցս անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ չնայած օրենքը ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, սակայն պատասխանատու կառույցը նոր է որոշել վերացնել խնդիրները: Մասնավորապես, փոփոխություններից մեկով նրանք ընդլայնում են «պաշտոնատար անձ» հասկացությունը, մյուս փոփոխությամբ առաջարկվում է գործող երկու տարվա ժամկետի փոխարեն, որպես ուսումնասիրության առավելագույն ժամկետ, սահմանել երեք տարին: Ինչպես ասում են, երեք տարվա մեջ մի բան կգտնեն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունը 9,6 տոկոսով աճել է, բայց այդ ցուցանիշը ՀՀ-ին շատ չնչին օգուտ է տալիս: Այս կարծիքին է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Նա բնական է համարում նշվաճ աճը՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից ներհոսքը: Այսուհանդերձ, ըստ մասնագետի, ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում ստեղծվածից գոնե օգուտներ քաղելու համար: «Իրականում կառավարությունը ոչինչ չի արել: Անկախ կառավարության կամքից է այս աճը: Որևէ առաջարկ չի անում պոտենցիալ ներդրողներին, Հայաստան եկած մարդկանց ոչ մի ձևով չի կարողանում շահագրգռել, որ հենց այստեղ ծավալեն իրենց գործունեությունը: ՀՀ կառավարությունը գիշեր-ցերեկ պետք է աշխատի, որ ռուսական արտադրողներն արտադրություններ հիմնեն Հայաստանում և այստեղից կարողանան իրենց արտահանումներն իրականացնել: Այս ուղղությամբ ևս ոչ մի քայլ չի իրականացվել»,-ասաց նա: Ն. Սարգսյանի կարծիքով, ամեն դեպքում, մինչև ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված անորոշությունը չվերանա, տնտեսության մեջ չի կարող որոշակիություն մտնել: Անդրադառնալով հայաստանյան արտարժույթի շուկայում առկա կտրուկ տատանումներին՝ նա ընդգծեց, որ իրավիճակը դուրս է տնտեսագիտական ցանկացած կանոնից. «Արհեստականորեն աննորմալ վիճակ է ստեղծվել, ինչն անընդհատ բիզնեսին հարված է հասցնում: Այս տեսանկյունից մենք կարող ենք ներմուծման և արտահանման ինչ-որ մի խմբաքանակի դեպքում օգուտներ ստանալ, հաջորդ խմբաքանակի դեպքում՝ շատ լուրջ վնասներ կրել: Դոլարը բարձրացավ մոտ 530-ի, հետո շատ կտրուկ նվազեց՝ հասնելով 450-ի, հետո նորից բարձրացավ 490-ի, հիմա շուրջ 460 է: Շատ տնտեսագետներ դոլարի արժեզրկումը կապում էին ԱՄՆ-ում առկա գնաճի հետ, բայց երբ նայում ենք մեր վիճակագրական ցուցանիշները, 30 տարվա ընթացքում հայկական դրամը երբեք զգայուն չի եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Միշտ դրամի արժևորումը կամ արժեզրկումը կախված է եղել ռուբլու հետ»: Նրա խոսքով, դրամի արժևորման օբյեկտիվ պատճառներ ևս կան:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարվա ապրիլի 28-ին ի լուր աշխարհի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվելու է եւ իր դռներն է բացելու ամբողջովին վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը: Բժշկական կենտրոնի բացման օր էր նախանշված երեկ՝ մայիսի 16-ը։ Եվ, ահա մայիսի, 16-ը եկավ, ու հերթական չիրականացված խոստմանը ականատես եղանք։ Բժշկական կենտրոնը հատարարություն տարածեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը չի վերաբացվելու։ Թե երբ կբացվի, պարզ չէ: «Բացման մասին լրացուցիչ կհայտարարենք։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սա նշանակում է, որ մինչեւ վերապրոֆիլավորման գործընթացի ավարտը ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելու է հիվանդանոցի այդ ճյուղը լրիվ անիմաստ, քանի որ կորոնավարակով հիվանդության դեպքեր գրեթե չեն արձանագրվում, իսկ այդ վարակի դեմ պայքարող բուժանձնակազմը շարունակում է աշխատել, հիվանդանոցը կոմունալ վճարումներ է անում, փաստորեն՝ անօգուտ: Ամեն օրը բեռ է պետության ուսերին, բայց, կարծես թե, այս ծանր բեռի թեման չի հետաքրքրում ՀՀ առողջապահության նախարարին: Նա մայիսի 22-28-ը գործուղվելու է Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով: Հուսանք՝ Շվեյցիարիա «վոյաժ» գնալուց առաջ ուղղաթիռով Հայաստանի Հանրապետության մարզեր ճամփորդող մեր առողջապահության նախարարն իր անմիջական առաքելությունը կիրականացնի եւ, ի վերջո, կկատարի կառավարության նիստում իր իսկ զեկուցած կատարողականը եւ գոնե մոտ ապագայում կվերաբացվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Գնում ենք թատրոն՝ ներկայացում դիտելու: Մեզ համար թատրոն ու ներկայացում ասվածն ավելի հաճախ պարփակվում է չորս պատի ու դեկորացիաների մեջ: Բեմադրիչռեժիսոր Տիգրան Գյուլումյանը որոշել է կոտրել կարծրատիպերը՝ ստեղծելով թատրոնի նոր ձևաչափ, որը հանդիսատեսին կդարձնի իրադարձությունների մի մասը։ Գյուղական միջավայրում՝ ամենասովորական տան բակում կկարողանաք վայելել «Սպիտակ Արևը» թատերական ներկայացումը, որը ստեղծվել է Հրանտ Մաթևոսյանի և Սերո Խանզադյանի պատմվածնքերի հիման վրա: «Ի սկզբանե որոշել էի, որ ներկայացումը պետք է բեմի վրա լինի, բայց սկսվեց համաճարակը: Ներկայացման գործողությունները տեղի են ունենում գյուղական տան բակում, այսինքն՝ բեմի վրա պետք է գյուղական տուն ստանայի իր բոլոր ատրիբուտներով: Մտածեցի՝ իսկ ինչո՞ւ հենց գյուղական տան բակում չստանալ այդ ամենը: Հասկացա, որ եթե փոքրիկ տուն լինի, դիմացն էլ ազատ տարածք, որտեղ կնստի հանդիսատեսը, հարցը լուծված կլինի: Տունը գտա Սաղմոսավան գյուղում, սկսեցինք ներկայացման բոլոր տեսարանները բեմադրել այդտեղ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռեժիսորը:


Նշում է՝ սկզբում դերասանների համար էլ էր խորթ, քանի որ չէին պատկերացնում, թե ինչ կստացվի արդյունքում: «Բայց հիմա արդեն ոգևորությունն այնքան մեծ է, որ ցանկանում են միշտ նման ներկայացումներ խաղալ»,-հավելում է նա: Ակնհայտ է, որ այս գաղափարը մեծապես կարող է նպաստել գյուղական համայնքների զարգացմանը, այն էլ՝ մի քանի ուղղությամբ, օրինակ՝ մարդիկ նախքան ներկայացումը դիտելը կշրջեն համայնքում, կծանոթանան մշակութային կոթողների հետ, հնարավորության դեպքում գյուղաբնակներից գնումներ կկատարեն, իսկ օրվա ավարտը կլինի մշակութային՝ ներկայացման տեսքով:


«Ինքներս պատրաստ ենք մեկնել մարզային յուրաքանչյուր համայնք: Զանգեր ենք ստացել Եվրոպայից և ԱՄՆ-ից, առաջարկեցին հոգալ ներկայացման ծախսերը, որպեսզի մեկնենք Այգուտ գյուղ, Գորիս և այլուր՝ տեղի բնակիչների համար բեմադրելու մեր ներկայացումը»,ասում է մեր զրուցակիցը: Թվում է, թե բաց երկնքի տակ բեմադրված այս ներկայացումն ավելի մտերմիկ է: Ռեժիսորն այն անվանել է 7D ներկայացում: «Ամեն ինչ բնական է, թատերական ոչ մի պայմանականություն չկա: Օրինակ՝ կերպարներից մեկը կանչում է երեխային, նա ձիով է գալիս: Շատ գործողություններ իրականում տեղի են ունենում բոլորի աչքի առաջ: Հանդիսատեսը, կարծես, մի պահ իր ընթացքից կանգ առնի՝ ինչ-որ իրականություն տեսնելու համար: Նա այլ կերպ է ընկալում հեղինակի խոսքը, ներկայացման ասելիքը, եղած խնդիրները, իսկ անմիջականությունը բերում է ընկալումների ավելի լիարժեք լինելուն: Պատահական չէ, որ ներկայացման ավարտից հետո հուզված սպասում են՝ գնա՞լ, թե՞ ոչ, մոտենում են, ասում, որ նման ներկայացումներ շատ լինեն»,-նշում է Գյուլումյանը: