Նոր նմուշի թուրքական անձնագրերում կլինի պատկերված Սուրբ Սոֆիայի տաճարը
Թուրքական նոր անձնագրերում կներկայացվեն նորացված ձևավորումներ, ներառյալ 1500-ամյա Այա Սոֆիայի՝ մզկիթի վերածված բյուզանդական տաճարի գծանկարը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդին ուղղված ուղերձում, գրում է EADaily-ն՝ հունական Kathimerini թերթին հղումով։
Թուրքիայի Հանրապետության նոր անձնագրերում կլինեն նաև Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող Թոփքափի պալատի և երկրի խորհրդարանի հին շենքի գծագրերը, հայտարարել է պետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) երկրի կառավարության դիմումի շրջանակներում որոշում է կայացրել Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու մասին։ Նույն օրը նախագահ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս մուսուլմաններին աղոթել Սուրբ Սոֆիայում։
2020 թվականի հուլիսի 24-ին այնտեղ տեղի ունեցավ 86 տարվա մեջ առաջին ուրբաթօրյա աղոթքը, որը վրդովմունք ու բողոք առաջացրեց հարևան Հունաստանում։
Նախկին քրիստոնեական եկեղեցում աղոթքի ժամանակ հունական եկեղեցիների զանգակատներից սգո ղողանջներ են հնչել։ Սալոնիկում և Պատրաս քաղաքում աղոթել են Սուրբ Սոֆիայի տաճարի «ազատագրման» համար։ Աթենքի և Համայն Հելլադայի արքեպիսկոպոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Ջերոմ II-ը աղոթեց Կոստանդնուպոլսի համար։