ԱՀԿ-ի` ՀՀ-ում COVID-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են. ԱՆ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:
ԱՆ-ից հայտնում են, որ պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներակայված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը:
Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:
Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում: