Փաշինյանը խոսել է Կառավարության՝ ԶՊՄԿ-ի բաժնետեր դառնալու մասին
Կառավարությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր, քանի որ ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել: Այդ մասին կառավարության մայիսի 5-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե Կառավարությունը չի բացահայտում՝ ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր:
«Եթե որևէ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով սեփականության տեր դառնար, ոչ մեկը չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ: Բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ դա կասկածելի է թվում: Ի՞նչն է կասկածելի. ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, և Կառավարությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է: Ինչո՞ւ է ներդրողը որոշել նվիրատվություն անել. մի շատ պարզ պատճառով, որովհետև նախկինում ասել ենք, որ այստեղ սա մեկ գործարք չէ, այստեղ նկատի ունենք մոտ 4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որի շրջանակներում առանց պետության մասնակցության այդ ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ», - ասաց Փաշինյանը` հավելելով, որ խոսքը պղնձաձուլարանի կառուցման և նոր ատոմակայանի կառուցման մասին է:
Անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը փոխանցվել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող Արդյունաբերական ընկերությանը։
Ձեռք բերելով գործարանի բաժնետոմսերի առյուծի բաժինը՝ Արդյունաբերական ընկերությունը որոշել է բաժնետոմսերի մի մասը` գործարանի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15%-ի չափով նվիրաբերել կառավարությանը։
Այն իր հերթին դրանք փոխանցել է Հայաստանի պետական շահերի հիմնադրամի հավատարմագրային կառավարմանը, որի տնօրենների խորհրդի նախագահը երկրի նախկին փոխվարչապետ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական զինակից Տիգրան Ավինյանն է։
Սպասվող գործարքի մասին չգիտեին անգամ ընկերության բաժնետերերը։
Հայաստանի ամենամեծ գործարանի բաժնետոմսերի վաճառքը քաղաքական ենթատեքստ ստացավ։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում գործարքն անվանել է «ամենամութը Հայաստանի պատմության մեջ» և «կոռուպցիայի բարձրագույն պիլոտաժ»։