Թե 44-օրյա պատերազմից առաջ, թե հետո Հայաստանը մշտապես իր աշխատանքները կոորդինացրել է Արցախի հետ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 29-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, մշտապես կարևորվել է, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն «մեր անելիքների, ծրագրերի վերաբերյալ, այդ թվում ԼՂ հիմնախնդրին վերաբորղ բանակցությունների բովանդակությանն ու ընթացքին, մարտահրավերներին ու հնարավորություններին»:
«Այս սկզբունքը միշտ պահվել է եւ շարունակելու է այդպես լինել», - վստահեցրեց նա` ևս մեկ անգամ շեշտադրելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է եւ Արցախի ժողովուրդը: «Հետեւաբար, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի եւ իրագործվի ծածուկ, դա ուղղակի անտրամաբանական է: Նման բան երեւակայելը անհնար է: Սա է պատճառը, որ մենք մշտապես կապի մեջ ենք»,-ասաց նա:
Այնուհետև նա ողջունեց Արցախի նախագահի վերջերս արած հայտարարությունն առ այն, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգ:
«Ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգը ամենեւին էլ պարտության օրակարգ չեն, դա պատերազմի արհավիրքը, պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է:
Շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք, եւ որի մասին բարձրաձջայնում ենք:
Այն է՝ ՀՀ-ի, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորումը եւ, ինչպես ասել եմ, կարեւոր սկզբունք, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի եւ հայ: Սա է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: