VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ իշխանություններն աննախադեպ ճնշումներ են իրականացնում Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ՝ փորձելով զերծ պահել նրանց Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից: Սակայն խնդիրն այն է, որ հարցը վերաբերում է հենց Արցախին, և ներսում կա գիտակցումն այն բանի, որ Հայաստանի այս իշխանության անփոփոխ մնալն անխուսափելիորեն բերելու է Արցախի հանձնմանը: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ակնհայտ շանտաժի գործիքներ է կիրառում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա շրջապատի նկատմամբ՝ ուղիղ տեքստով վախեցնելով, որ եթե իր հրահանգները չկատարեն, իրենց համար շատ վատ է լինելու: Մենք տեղեկություն ունենք նաև, որ Հարությունյանն իր նեղ շրջապատում բողոքում է, որ հայտնվել է երկու քարի արանքում և չգիտի, թե ինչպես շարժվի: Այսօր արդեն ստեղծվել է մի իրողություն, որ մի կողմից՝ արցախցիների ցանկությունն ու պնդումներն են՝ կանգնել այն ուժերի կողքին, որոնք այսօր փողոցներում պաշտպանում են Արցախը, մյուս կողմից՝ խարխլվող իշխանությունը և սպառնալիքները, որոնք Փաշինյանն ուղիղ կամ «միջնորդների» միջոցով փոխանցում է Արցախի իշխանություններին: Թե որ ճանապարհով կգնա Հարությունյանը՝ Արցախը պաշտպանելու, թե տուրք տալու փաշինյանական ճնշումներին, կերևա առաջիկայում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Դավիթ Բաբայանի միջեւ տեւական ժամանակ է՝ որեւէ կապ չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել, ԱՀ ԱԳՆ կայքում անգամ արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, սեպտեմբերի 7-ին է եղել․ «Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում 2 հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարեւորվել են փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության բարձր մակարդակի պահպանումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերաբար քննարկումների կազմակերպումը»։ Մենք Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված կապի խզումը։ «Մեր արտաքին գործերի նախարարությունների միջեւ կապերն ամուր են, ուրիշ բան՝ աշխատանքի նրբություններ, քննարկումներ՝ դա թողնենք, այլ հարց է․․․ այնպես պետք է անենք, որ կապը միշտ ամուր լինի ստրուկտուրաների միջեւ՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում»,- ասաց նա։ Խնդրեցինք ուղիղ ասել, թե երբ է Դավիթ Բաբայանը վերջին անգամ տեսել Արարատ Միրզոյանին։ «ՀՀ նախագահի երդմնակալությանը»։ Նկատի ունենք՝ գործնական հանդիպում ե՞րբ է եղել։ «Լավ, ես արդեն հանդիպման եմ»,- ընդհատեց Բաբայանը՝ հաստատելով լուրերը, որ երկար ամիսներ չի հանդիպել Միրզոյանի հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մոտ տասն օր է, ինչ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ ներգրավված էր որպես ռազմական փորձագետ եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ։ Թե ինչու է հեռացել Բաբայանը, անգամ հանձնաժողովի իշխանական անդամները չգիտեն, ավելին՝ նրանցից մեկը մեզ ասաց, որ ժամանակ առաջ Բաբայանն իրենցից շատ էր շահագրգիռ հանձնաժողովում աշխատելու․ «Ամեն օր փակվում էին Անդրանիկ Քոչարյանի հետ եւ ինչ-ինչ հարցեր քննարկում»: Նրա վրա էր դրված պատերազմի հետեւանքների քարոզչական գիծը, նա պետք է օգներ` արդարացներ Փաշինյանին եւ մեղադրանքներն ուղղեր նախկինների կողմը։ Մենք քանի օր է՝ փորձում ենք կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը գնել է մոտ 120 զրահապատ ավտոմեքենա, հիմնականում՝ «Մերսեդես» մակնիշի: Դրանց միջին արժեքը մոտ 450 հազար ԱՄՆ դոլար է: Այսինքն, միջինից բարձր բոլոր պաշտոնյաներին պետությունը որոշել է ապահովել թանկարժեք զրահապատ ծառայողական ավտոմեքենաներով: Դժվար չէ այս տեղեկության ֆոնին պատկերացնել Հայաստանի իշխանության վերին էշելոնների ներկայացուցիչների՝ հասարակությունից ու հատկապես մամուլից դժգոհ դեմքերը: Կատակ բան չէ. ի վերջո, հակառակորդ երկրում նման ահռելի պետական գնում են իրականացնում ծառայողական մեքենաների վրա, և գրեթե ոչ մի դժգոհություն, իսկ մեզ մոտ յուրաքանչյուր նույնիսկ անհամեմատելի գնումը «քթներից են բերում»՝ առաջացնելով բողոքի մեծ ալիք: Էլի չնեղանա՞ն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին շատերն են նկատել, որ Արթուր Վանեցյանին մշտապես ուղեկցում են զինվորական կազմվածքով տղամարդիկ՝ թիկնապահներ, զինակիցներ, մոտ 30 հոգի՝ բոլորը նախկին ԱԱԾ-ականներ, որոնք ծառայությունը թողել են Վանեցյանից հետո ու գնացել-կանգնել նրա կողքին։ Մի մասը նախկինում աշխատել է ԱԱԾ-ի ՊՊԾ-ում, նշանավոր «Ալֆա»-ում։ Նրանք Վանեցյանի ջոկատում էին, որը մեկնում էր Արցախ՝ կռվելու։ Նրանք սովոր չեն փողոցային պայքարին եւ իրենց նախկին կյանքում, ավելի շուտ, բարիկադների մյուս կողմում են եղել։ Դրա համար շատ լավ գիտեն ցույց ցրողների հոգեբանությունն ու ոճը։ Եվ արդեն որերորդ դեպքն է՝ ոստիկանության զորքերը, անգամ «Ալֆան» չեն կարողանում մոտենալ Վանեցյանին, քանի որ Վանեցյանի տղաները տեղում պատ են կազմում ու խոչընդոտում նրանց։ Այսինքն՝ գործող «Ալֆայի» դիմաց, փաստորեն, նախկին «Ալֆան» է կանգնած, որն ավելի փորձառու է եւ հմուտ, քան այսօրվանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին մեծ թափ են ստանում ընդդիմության ապակենտրոն, ցանցային ակցիաները, որոնց կուլմինացիան, ինչպես հայտարարվել է, տեղի կունենա մայիսի 1-ին: Այդ օրը նախատեսվում է մեծ հանրահավաք: «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմության հայտարարած մեծ հանրահավաքից առաջ Երևանում նախատեսված է ևս մեկ մեծ միջոցառում։ Ինչ-որ մարդիկ ապրիլի 30-ին հանրահավաք են նախատեսում Շահումյանի հրապարակում, որն, ի դեպ, արտոնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այն նվիրված է լինելու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ բավականին մեծ ծախս է արված համերգային բեմահարթակ կառուցելու, էստրադայի աստղեր ապահովելու և Ռուսաստանից հյուրեր բերելու համար։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ Մոսկվայում էլ շատ լավ տեսնում են, որ ՀՀ իշխանությունները «սառն» ու անտարբեր են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առումով, քանի որ պետական որևէ մասշտաբային միջոցառում չի իրականացվել, փոխարենը, փաստացի, այս բացը փորձում են լրացնել որոշակի շրջանակներ: Ինչ վերաբերում է այդ «շրջանակներին», ապա Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ի գիտություն է ընդունվել քաղաքացի Աշոտ Գալստյանի դիմումը: Խոսքը նույն Գալստյանի մասին է, որը մարտի 19-ին բազմամարդ երթ էր նախաձեռնել դեպի ՌԴ դեսպանատուն: Նրա մասին հայտնի է միայն, որ Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության վարչության անդամ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի կողմից երիտասարդ աղջկան մահվան ելքով վրաերթի փաստը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետը եւ ոստիկանության պաշտոնյաները նման հարց են բարձրացրել, որ վթարից հետո պետք է մեքենան կագներ եւ առաջին օգնություն ցույց տար, ինչը չի արվել, եւ այս դեպքում մնացած հարցերը կտա նախաքննական մարմինը: Համացանցում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ոչ ոք չի կանգնել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հետիոտնային անցումներում տեղեկատվական նշաններ կտեղադրվեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ« որ կառավարությունն առաջարկում է սահմանել տեղեկատվական նշաններ, որոնց ազդման գոտում կբարձրացվի փողոցը հատող հետիոտների անվտանգությունը: Սակայն ուշագրավն այն է, որ այս նախագիծը հանրային քննարկման դրվեց երեկ՝ ապրիլի 26-ին, երբ Երեւանի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Չի բացառվում, որ գործադրին երեկվա դեպքն է սթափեցրել նման նախագիծ մշակելու: Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Երեւանում կարգավորվող թվով 22 խաչմերուկներ կան, որոնք կահավորված են աջ շրջադարձը մշտապես թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիաներով, որի արդյունքում աջ շրջադարձ կատարելիս վարորդների եւ թույլատրող ազդանշանի տակ փողոցը հատող հետիոտների միջեւ առաջանում են կոնֆլիկտային կետեր: Չնայած այն հանգամանքին, որ համաձայն գործող կարգի՝ առավելություն է տրվում հետիոտնի երթեւեկությանը, վարորդների անզգուշության պարագայում կարող է վտանգվել հետիոտնը: Եւ այս խնդիրը հնարավոր է լուծել՝ հասնելով համապատասխան տեսակի տեղեկատվական նշաններ նախատեսելու միջոցով, որի ազդեցությամբ ազդման տիրույթում կողմնորոշման հնարավորություն կստանան աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով սլացող ավտոշարասյունը, որի հենց առաջին մեքենան հղի կնոջը մահացու վրաերթի էր ենթարկել, նրան ուղեկցում է դեպի ԱԺ` իր խմբակցության հետ հանդիպման: Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մահացածը 29-ամյա հղի Սոնա Մնացականյանն էր։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է ներկայացել նիստին եւ հպանցիկ պատմել կատարվածի մասին, բայց այդ պահին դեռ տեղյակ չի եղել, որ կինն արդեն մահացել է։ Պատգամավորներից որեւէ մեկը չի հետաքրքրվել՝ կանգնե՞լ է արդյոք վարչապետի շարասյունը, փորձե՞լ են կնոջն օգնություն ցույց տալ` հիվանդանոց տեղափոխել: Մեր հարցին ի պատասխան, ՔՊ ներկայացուցիչն ասաց` չէինք պատկերացնում, որ այլ տարբերակ է եղել` քշել-հեռացել են, առանց օգնություն ցույց տալու: Հետո ավելացրեց․ «Գուցե արարողակա՞րգն է պահանջել, որ չկանգնեն... գուցե անվտանգության նկատառումներից ելնելո՞վ չի կանգնել»։ Փաշինյանը սկսել է պատգամավորներին պատմել իր մոսկովյան այցի մասին` գլուխ գովալ, թե ամեն ինչ շատ լավ է եղել, իսկ մոտ մեկ ժամ անց նրան հաղորդել են, որ վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, նա ընդհատել է նիստը եւ անհանգիստ հեռացել։ Հավանաբար մտածել է, որ զայրացած ամբոխը հաշվեհարդար կտեսնի իր հետ` կգան հետեւից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները, հուսանք, կպարզվեն համակողմանի ու արդարադատ քննությամբ, չնայած պարզ է՝ ինչ դատ ու դատաստան էլ լինի, հարազատների մորմոքի համար այն բալասան չի լինի: Վթարի ենթարկվելու պահին (դատելով համացանցում տարածված տեսանյութերից) լուսահոգի կինը շփոթվում է, չի կողնորոշվում՝ ինչ անել, ու ողբերգական վթարի զոհ է դառնում: Ինչպե՞ս են աշխատել ոստիկանները, ինչպե՞ս ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կամ ի՞նչ ազդանշան են տվել այդ պահին փողոցում կամ մայթերին գտնվող անցորդներին. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ամենաշատն են հուզում միջադեպից ցնցված հասարակության մտածող հատվածին: Իրավապաշտպանների մեծ մասը, օրինակ, հույս չունի, թե արդար քննություն կիրականացվի, ու կպարզվեն դեպքի բոլոր մանրամասները: Դատողությունն ինչ-որ առումով գուցե արդարացի է, քանզի 2018-ին նաեւ ոստիկանական համակարգում փոփոխություններ խոստացող «հեղափոխականներն» այժմ բռնություն են կիրառում խաղաղ ակցիա իրականացող ցուցարարների վրա ու, փաստորեն, հանուն կառավարական «կորտեժի» անարգել երթեւեկի՝ վթարի ենթարկում երիտասարդ հղի կնոջ: 2018-ից հետո ոստիկանական համակարգի միակ փոփոխությունը «պարեկների» ինստիտուտի ներդրումն է, որ ինչքան էլ մերօրյա իշխանավորները փորձում են դրական լույսի ներքո ներկայացնել, միեւնույնն է, չի ստացվում ու չի ստացվելու, քանզի երկրում կարգ ու կանոն, օրենք չի կարող պահպանել մեկը, որ երբեմն անգամ միջնակարգ կրթություն չունի, էլ չասած ֆիզիկական բավարար կարողություններ, շփվելու տակտ ու էթիկա չունենալու մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոր կարգավորումներ կգործեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններ են կատարվելու Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում»: