VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմության որեւէ քննարկման եւ որոշումների կայացման մեջ ներգրավված չէ եւ ստեղծված իրավիճակի սահուն եւ արդյունավետ լուծումը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մեջ: Այս մասին նշեց ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Իսկ եթե իշխանությունը կրկին վերարտադրվի, աշխարհում պրակտիկա կա` երկու, երեք, չորս արտահերթ ընտրություններ պետք է կատարվեն, մինչեւ ունենանք գաղափարական հենք եւ սառը հաշվարկ: Որովհետեւ եթե խնդիրը անձին մեկ այլ անձով փոխելն է, դրանով չեն լուծվելու այն բոլոր անվտանգային, սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որի առջեւ կանգնած ենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երեւանում, թերեւս՝ ուրբաթ օրը։ Նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։ Մեր աղբյուրն ասաց, որ սա ամենեւին չի նշանակում, թե Փաշինյանը հետ է կանգնել իր ծրագրերից՝ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այլ սրանով փորձում է Արցախի եւ Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը։ Արցախում տարակուսած են՝ եթե Ա․ Հարությունյանի դեպքը պարզ է, ապա ինչպե՞ս են սրան մասնակցելու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ԱԽ անդամները»:
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին օրերին արցախյան պատգամավորները տարօրինակ կերպով խուսափում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին կարծիք անգամ հայտնել: Այն դեպքում, երբ այս զարգացումների առանցքը Արցախի փրկությունն է: Բոլորը, գրեթե միախմբված, ասում են, որ այս պահին դեռ քննարկումների մեջ են, որ ասելիք ունենալուն պես կխոսեն: Հարցին, արդյոք ԱՀ Անվտանգության խորհրդի վերջին նիստում Արայիկ Հարությունյանի հայտարարությունն առ այն, որ Փաշինյանն առանց Արցախի պաշտոնական որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, վստահությու՞ն է ներշնչել, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը խուսանավելով՝ միայն ասաց. «Կխոսենք, այդ մասին էլ կխոսենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը մի քանի օր է՝ քննարկվում է տարբեր շրջանակներում։ Ըստ լրատվամիջոցի, նա ասել է․ «Կան որոշ մարդիկ, որոշ ուժեր, որոնք անընդհատ փորձելու են Արցախը մտցնել այդ խաղի մեջ՝ դրանով քաղելով դիվիդենտներ, հարվածելով Արցախին, ասել է թե՝ հարվածելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը․․․ իհարկե, մենք ուշի-ուշով հետեւում ենք, պարտավոր ենք, բայց չենք մասնակցում այդ գործընթացներին, որովհետեւ չափազանց կարեւորում ենք պահը, իրավիճակը»։ Այս հայտարարությունը հարուցել է ոչ միայն հայաստանյան ընդդիմության, այլեւ Արցախի պատգամավորների զայրույթը։ Երեկ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները Բաբայանին հրավիրել են ԱԺ՝ պարզաբանում պահանջելու։ Հանդիպումից հետո տարածված հաղորդագրությամբ հայտնեցին, թե, ըստ Բաբայանի, ռադիոկայանը լրիվ չի ներկայացրել իր խոսքը, ապա իր պահանջով վերացվել է «վրիպումը»: Մենք Բաբայանին հարցրինք՝ ի՞նչ վրիպում է եղել, եւ ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր՝ որոշ ուժեր փորձում են Արցախը խաղի մեջ մտցնել։ Բաբայանն ասաց՝ հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել, այլ ոչ թե կարդալ ծաղկաքաղը․ «Այդ տեքստում ներկայացված էր իմ ներկայացրած գաղափարների մի մասը, դրա համար էլ նման ռեզոնանս է ստացվել։ Իսկ որոշ ուժերի մասով․․․ Խոսքը չի վերաբերում նորմալ ուժերին, ես, օրինակ, անընդունելի եմ համարում, երբ պղծում են Արցախի դրոշը՝ ով ուզում է լինի, անընդունելի եմ համարում, որ որոշ մարդիկ ասում են, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում լինել, կամ որ մեկը մատ է թափ տալիս Արցախի վրա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո կողմերը հայտարարություն էին տարածել, ինչի մի դրույթն էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային էր վերաբերում:«Մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ»,- ասված էր հայտարարության մեջ։ Դրանից հետո միայն նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղոդագրության մեջ նշվում է. «Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց տեղեկանալ, թե քաղաքական իշխանությունը վերոհիշյալ աշխատանքային խումբը ձեւավորելու համար ինչ քայլեր է իրականացնում: Արտաքին գործերի նախարարությունը թեեւ ականջալուր եղավ, բայց այդպես էլ շտել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր զանգերն անպատասխան թողեց: Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին իրեն որեւէ բան հայտնի չէ: Իշխանավորների՝ մեր հարցն օդում կամ հեռախոսազանգերն անպատասխան թողնելը, իհարկե, բնավ չի նշանակում, թե վերոնշյալ խումբը դեռեւս չի ձեւավորվել: Չի բացառվում, որ դրա կազմը կարող է հայտնի լինել, ինչի մասին հասարակությունը, ինչպես շատ դեպքերում, պոստֆակտում կարող է իմանալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երկրում մեկ շաբաթից ավելի է՝ հակաիշխանական ցույցեր են, բողոքի ակցիաներ, իշխանական պատգամավորները շարունակում են արտերկրյա վոյաժները։ ԱԺ ղեկավարությունը վերջին 1 շաբաթվա ընթացքում ամեն օր մի կարգադրություն է արձակել նրանց այցերի մասին։ Մայիսի 12-16-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար Քվեբեկ (Կանադա) կմեկնեն ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Էդուարդ Բադոյանը։ Նույն կազմով էլ ապրիլի 3-6-ը նրանք Մոնակոյում էին՝ Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարների համաժողովին մասնակցելու համար։ Եղոյանն ապրիլի 6-12-ն էլ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Աթենքում էր՝ Թվինինգ ծրագրի շրջանակներում ուսումնական այցով։ Ապրիլին գործուղումներ են եղել Փարիզ, Վաշինգտոն, Ստրասբուրգ, Բելգրադ, Սանկտ Պետերբուրգ։ Անվտանգության թեմաներով համաժողովին մասնակցելու համար ապրիլի 25-28-ը Ժնեւ են գործուղվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու նրա օգնական Էմմա Սարգսյանը, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ու նրա օգնական Անի Ստեփանյանը, պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Ամենաուշագրավը՝ նաեւ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, եւս երկու փորձագետ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ի՞նչ զուգահեռներ կան 2015 թվականի հունիսին բոլորիս աչքի առաջ թափ հավաքած հուժկու սոցիալական շարժման՝ «Էլեկտրիկ Երեւանի», եւ այսօրվա ընդվզման միջեւ, ինչո՞ւ «Էլեկտրիկի» դեմքերը չեն դուրս գալիս փողոց։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք «Էլեկտրիկ Երեւանի» կազմակերպիչներից մեկի՝ Արթուր Քոչարյանի հետ:
– Ի՞նչ քայլ նկատի ունեք:
– Տեսեք՝ Նիկոլը պառկեց ավտոբուսի տակ, ու մենք հասկացանք, որ ավտոբուսը կարող է քշել-անցնել իր վրայով, նա կարող է մեռնել, հասկացանք ու գնացինք իր հետեւից: Կամ՝ ձեռը ճղեց, կուտը տվեց, ինչ արեց, համենայնդեպս, կերան մարդիկ: Հիմա նախագահները, եթե անկեղծ են, իրենց կյանքի գնով պետք է մարդկանց հավատացնեն, բայց չեն անում: Օրինակ, կարող են հայտարարել, որ ստորագրում ենք՝ այլեւս չենք գալու իշխանության: Բայց չեն անում:
– Բայց Սերժ Սարգսյանը, կարծեմ, հայտարարել է նման բան:
– Այո, բայց մենակ հայտարարելը քիչ է: Բացի դա, պետք է նաեւ իրենք ընդունեն այն, ինչում ժողովուրդն իրենց մեղադրում է: Գոնե մասնակի ընդունեն, որ անցնեն ժողովրդի կողմը: Ասեն՝ հա, մեր ժամանակ եղել են սպանություններ, եղել է կոռուպցիա, մենք լավ չենք կառավարել, ժողովուրդ, բայց հիմա Արցախ ենք կորցնում, Հայաստան ենք կորցնում, հասկացեք: Ու ասեն՝ մենք գնում ենք, դուք մեզ էլ չեք տեսնելու, բայց լրջացեք: Ահա այս վիճակը պետք է լինի, որը չկա: Եթե էս ամենը լիներ ընտրությունների ժամանակ, գուցե մի բան ստացվեր, բայց չեղավ, մենք մեր շանսը կորցրինք":
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ընդամենը անցած շաբաթ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Գյումրի այցի ժամանակ, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իր հեռանալու մասին մամուլի հրապարակումներից նա բավականին անհանգիստ է։ Մինչեւ անգամ անձնական նամակներ է գրել Փաշինյանին` մասնավոր հանդիպում խնդրել, սակայն արձագանք չի եղել։ Բանն այն է, որ մայիսի 6-ին Սահմանադրական դատարանը Ջհանգիրյանի հարցով որոշում է կայացնելու` ըստ Արամ Վարդեւանյանի հայցի: Այն Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու անհնարինությանն է վերաբերում` տարիքով պայմանավորված։ ՍԴ մեր աղբյուրի կարծիքով, Ջհանգիրյանի ճակատագիրը դեռեւս այնքան էլ միանշանակ չէ, ինչպես գրում են լրատվամիջոցները, դա կախված է Երվանդ Խունդկարյանից, ՍԴ-ում նրա տեսակետը որոշիչ է եւ կարծիք ձեւավորող»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն եզակի պաշտոնյաներից է, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո անգամ չհեռացվեց պաշտոնից եւ պաշտոնավարում է մինչեւ այժմ: Նա այդ պաշտոնին ընտրվել է ՀՀԿ-ի օրոք՝ 2016 թվականի սեպտեմբերին, եւ պաշտոնավարման վեց տարին լրանում է ամիսներ անց՝ սեպտեմբերին: Եվ որքան էլ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ էին տարածվում, թե նա կարող է անգամ մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը հեռանալ, այժմ այլ տրամադրություններ են առկա: «Ժողովուրդ» օրաթերթն այդ մասին եւս հայտնել էր՝ նաեւ նշելով նրա եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսակցության մասին: Սակայն ուշագրավ է, որ այժմ այլ տրամադրություններ են առկա, եւ չի բացառվում, որ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրան ՔՊ-ն եւս մեկ անգամ առաջադրի այդ պաշտոնին, իսկ օրենքը այդ հնարավորությունը տալիս է: Մասնավորապես՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածում ասվում է. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ»։ Այսինքն՝ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ժամկետից հետո կարող է եւս մեկ անգամ առաջադրվել այդ պաշտոնում»:
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կառավարության 2021 թվականի կատարողականի զեկույցը նրանք որպես ձեռքբեում ներկայացրին խորհրդարանում: Կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրով նախատեսում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում աստիճանաբար հնարավորության սահմաններում մեծացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի տեսակարար կշիռը: Իրականում 2021թ. կապիտալ ծախսերի կշիռը նվազել է շուրջ 1.1 տոկոսային կետով՝ լինելով ավելի ցածր, քան 2019թ. մակարդակն է: Կառավարությունը նշում է, որ տեղի է ունեցել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ շուրջ 0.3 տոկոսային կետով՝ պայմանավորված վարչարարության բարելավմամբ, եւ հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 147 մլրդ դրամով: Հարկեր/ՀՆԱ աճի շուրջ 0.5 տոկոսային կետը պայմանավորված է եղել դրոշմանիշային վճարների եւ պարտադիր սոցիալական վճարների աճով: 0.4 տոկոսային կետը կապված է պետական տուրքի աճի հետ: Իրականում, սակայն, տեղի է ունեցել վարչարարության վատթարացում: Ամփոփելով այս ամենը՝ կարող ենք նշել, որ զեկույցում տեղ գտած տնտեսական ոլորտին վերաբերող արդյունքները հիմնականում մանիպուլյատիվ բնույթ ունեն եւ չեն արտացոլում իրական պատկերը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են. 2021 թվականին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները կազմել են 204 մլրդ 823 մլն դրամ: Նախորդ տարվա ընթացքում կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 1 մլրդ 116 մլն հազար 700 դրամ։ Օրինակ՝ Վրաստանը 11 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին 59 մլրդ 616 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարի կատարել է 40 մլրդ 133 մլն դրամի չափով ներդրում»: