Ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ։ Այս մասին ապրիլի 25-ին, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայի աջակցությամբ, այն է՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը։
2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կա’մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա’մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում:
Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։
Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։
Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։
Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։
Ես հավատում եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։ Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը։
Եվ վերջապես, պարոն նախագահ, նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,- հայտարարել է Գևորգյանը։