24.11.2024
Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտնել է ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում` արձանագրվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մոտեցումների նույնականացումը: Այդ մասին կառավարության ապրիլի 22-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, ՌԴ կատարած այցի ժամանակ հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերվող հարցերը: Շնորհակալություն հայտնելով ՌԴ գործընկերներին ջերմ ընդունելության համար` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում «կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը»:


«Եվ այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել` Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը օր առաջ մեկնարկել արևելքը արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով»,- ասաց վարչապետը` հույս հայտնելով, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ առաջիկայում կկարողանա գործընթացը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել:


Հատկանշական է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հարցը քննարկվել էր նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ: Այսօր, Երևանում, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները քննարկել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: