ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություններն անհիմն են. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային մանդատի կարևորության շեշտադրումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով։
Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե արձանագրենք, որ Ռուսաստան կատարած այցին նախորդող օրերին Հայաստան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, ապա կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման վերաբերյալ գնահատականները անհիմն են:
«Մենք հստակ տեսնում ենք, որ բոլոր համանախագահ երկրները հավատարիմ են մնում ԼՂ հակամարտությունը լուծելու իրենց մանդատին՝ չնայած այն հանգամանքին, որ ուկրաինական իրադարձությունները դժվարություններ են ստեղծել համանախագահների համատեղ աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։
Այնուամենայնիվ, վարչապետը շարունակեց, որ լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս գոնե այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները աշխատում են, այցելություններ են կատարում տարածաշրջան և քաղաքական մակարդակով ամրագրում են իրենց պարտավորությունները՝ նպաստելու ղարաբաղյան կարգավորմանը։