25.11.2024
Տնտեսական ակտիվության աճը Հայաստանում 3 տոկոս է
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ոտրե՞ղ է կրելու իր պատիժը Պերմյակովը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս ապացուցել է, որ արտաբերած խոսքը գրոշի արժեք չունի: Ու այլեւս անհնար է հիշել, թե նա քանի անգամ է իր խոստումները դրժել կամ իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ արել: Այս փուլում, կարծում ենք, ամենաարդիականը նրա վերջին խոստումն է: Ինչպես հայտնի է՝ ՊՊԾ գնդի գրավման շրջանում նա խոստացել էր, որ եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր դնեն զենքը եւ հանձնվեն, ապա ինքը կընդունի «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին եւ կլսի Հայաստանի ապագայի վերաբերյալ նրա դիտարկումները: Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, երբ միջնորդական առաքելությամբ Ստեփանակերտից Երեւան էր եկել: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ նա հերթական անգամ չկատարեց իր խոստումը: Ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե Ժիրայր Սէֆիլյանի հետ նա ինչ պետք է խոսեր, կամ ինչ կտար դա մեր երկրին: Գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն Ժիրայր Սէֆիլյանին եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խաբեց, այլեւ Արցախի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանին: Այս փաստը հատկապես Արցախի բնակչության համար, կարծում ենք, շատ կարեւոր է, որպեսզի նրանք իրենց օրինակով հասկանան, թե Սերժ Սարգսյանի խոսքը որքան արժեք ունի»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 25-ին լրանում է վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի 65 տարին: Մեր տեղեկություններով, վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ կնշանակվի նույն դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: Նա «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի մեծահարուստ Սամվել Կարապետյանի քենակալն է (կնոջ քրոջ ամուսինը): Նրանք նաեւ համաքաղաքացիներ են: Սերժիկ Ավետիսյանը դատական համակարգում է 1991 թվականից եւ դատավորի աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաեւ գիտամանկավարժական գործունեությամբ, աշխատություններ ունի։ Ինչ վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու թեկնածությանը, ապա նա առայժմ կմնա իր տեղում: Առավել եւս, ասում են, թե վերջինս հիմնովին վերանորոգել է աշխատասենյակը, գեղեցիկ կահավորել այն, այնպես որ, որոշ ժամանակ հաստատ չի լքի հարմարավետ աշխատասենյակը: Մեզ հասած տեղեկություններով, Ռշտունուն ասել են՝ սպասիր, միանգամից վճռաբեկ դատարանի նախագահ կգնաս, իհարկե, եթե հանկարծ ֆորսմաժորներ չլինեն, եւ իրավիճակ չփոխվի»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հուլիսի վերջին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման կազմակերպած գրոհի ու դրան հետեւած 15-օրյա իրադարձությունների օրերին արդեն արձանագրվեց, որ ամռան երկրորդ ամիսը տնտեսության համար լավ պատկեր չի ուրվագծել: Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում կա: «Ժողովուրդ» օրաթերթի այս լուրը երեկ հաստատվեց նաեւ պաշտոնապես: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին, անցած տարվա նույն ամսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,3 տոկոսով: Այլ կերպ ասած՝ այս տարվա հուլիսին Հայաստանի տնտեսությունը անկում է արձանագրել: Ամենաողբերգականն այն է, որ տնտեսագետները առաջիկա ամիսների համար եւս ոչ մի լավ բան չեն կանխատեսում: Իսկ ստեղծված վիճակը, ըստ տնտեսագետների, պայմանավորված է նրանով, որ ընթացիկ տարում Հայաստանում արտերկրից ներդրումները հասել են զրոյական վիճակի, դրա հետ միասին տրանսֆերտները եւս գնալով ավելի են նվազում: Այսինքն՝ արտերկրից ավանդաբար Հայաստան եկող գումարները այլեւս չեն գալիս, եւ տնտեսությունը սկսել է շնչահեղձ լինել»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Հայաստանում գործող միջազգային կառույցները մի քանի տասնյակ տեսագրությունների կրկնօրինակներ են ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ Խորենացու եւ Սարի թաղի ցույցերի ժամանակ ցուցարարների դեմ կիրառված բռնությունների վերաբերյալ, եւ պահանջել են պատժել մասնակից ու պատասխանատու ոստիկաններին ու պաշտոնյաներին: Իրավապահ մարմինները մանրամասն ուսումնասիրում են այդ տեսագրությունները: Փաստ է նաեւ, որ մինչ այժմ որեւէ բարձրաստիճան ոստիկան ՀՔԾ-ում քննվող գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ: Մինչ այդ ՊՊԾ գնդի գրավումից հետո ոստիկանության բաժիններում փոխվել է քաղաքացիների հետ շփման կարգը: Մեր աղբյուրները հայտնում են, որ, օրինակ, Կենտրոնի քննչական բաժնում քաղաքացիներին այժմ դիմավորում են հրացանակիր ոստիկանները եւ ներս չեն թողնում, իսկ ոստիկանության դռների ճաղավանդակները փակ են»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.7 տոկոսով։ Այսպիսի տվյալ է երեկ հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Սա ռեկորդային ցուցանիշ է: Այս տարվա ընթացքում ՏԱՑ-ի անկում դեռ չէր գրանցվել։ Ընդամենը երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ ամփոփեց առաջին կիսամյակի ցուցանիշը և գոհունակությամբ հայտնեց, թե այդ ընթացքում տնտեսական ակտիվության աճը կազմել է շուրջ 4 տոկոս և հանձնարարեց նախարարներին այդ լավատեսական տվյալները ներկայացնել հանրությանը։ Նախարարները դեռ չեն ներկայացրել ու արդեն դժվար էլ ներկայացնեն։ Երկրորդ կիսամյակը սկսվում է շատ վատ ցուցանիշներով։ Գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել։ Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ինչպես է հավաքագրվել ՀՀ պետական բյուջեն հուլիսին։ Պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր ամսվա սկզբին ներկայացնում է, թե որքան հարկ է հավաքվել նախորդ ամիս։ Այդպիսի հավաքագրումների մասին ՊԵԿ-ը մինչ օրս «համեստաբար» լռում է։ Վարչապետը փաստորեն աչքով է տվել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը: Ինչպես եւ սպասվում է՝ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ` պատիժների կրման համար նախատեսված հաստատություն: ՀՀ եւ ՌԴ իշխանությունները, շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ., հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը: Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաեւ, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին»: