25.11.2024
Մամուլի տեսություն. Ոտրե՞ղ է կրելու իր պատիժը Պերմյակովը
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայան. Հայկական կողմը Ղարաբաղի հարցում դարձել է «այո» ասող օբյեկտ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հերթական հարցազրույցն է տվել «7 օր» լրատվական կայքին, մորում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված զարգացումներին և բանակցային գործընթացին:

–Պարո՛ն Բաբայան, կարո՞ղ ենք ասել, որ Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունները մտնում են եզրափակիչ փուլ: Հայկական կողմից հնչում է տեսակետ, որ պատրաստ ենք փոխզիջումների (օգտագործվում է նաև «զիջում» ձևակերպումը), բայց մինչև վերջ հստակություն չկա, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Կխնդրեինք՝ Ձեր գնահատականը տայիք։

–Ես ադրբեջանական կողմի փոխզիջումը չեմ տեսնում։ Համենայնդեպս, այդպիսի հայտարարություն չկա ո՛չ Ալիևի, ո՛չ էլ ադրբեջանցի այլ պաշտոնյայի կողմից։ Փոխարենը՝ մեր կողմից իրար հերթ չեն տալիս և զիջումներից են խոսում: Երևի մտածում են, որ դրսում լավ աչքով կնայեն իրենց։ Երբ մեր կողմից անընդհատ հնչում է զիջումների գնալու պատրաստակամության մասին, դա միայն գրգռում է հակառակորդի ախորժակը։ Այդ ախորժակը գրգռվում է նաև այն բանի արդյունքում, երբ տեսնում են, որ մենք չենք զինվում անհրաժեշտ զենքերով։

–Խոսվում է այն մասին, որ փոխզիջումն այն է, որ մենք վերադարձնում ենք ազատագրված տարածքները, իսկ միջազգային հանրությունը երաշխավորում է Ղարաբաղի անվտանգությունը։ Ի դեպ, Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային, և փոխարենը ԼՂՀ–ն ստանում է միջանկյալ կարգավիճակ։

–Ձեր նշածը մի փոքր թերի է։ Ես ոչ միայն ռազմական, այլ նաև բանակցային գործընթացին եմ տարիներ շարունակ մասնակցել և լսելով չէ, որ տիրապետում եմ հարցի նրբություններին: Տարածքների թեման արհեստականորեն է առաջին պլան մղվել. դրանք բանակցողներն իրենց մտքում վաղուց են հանձնել: Տարածքները հայտարարվեց, որ պատրաստ են տալ, բայց վերցնողը չի վերցնում: Կարգավորման ներկայումս շրջանառվող ծրագիրը ենթադրում է նաև ադրբեջանցիների վերադարձ Շուշիի ու Լաչինի շրջան։ Այսինքն՝ մենք վերադառնում ենք 88–ին։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, եթե Ադրբեջանը միլիարդավոր դոլարներն ուղղի ոչ թե զենք գնելու, այլ այդ շրջաններում շինարարական ծրագրեր իրականացնելու և բնակեցնելու վրա (ի տարբերություն ադրբեջանական կողմի, որն ամեն օր խոսում է իր փախստականներից ու տեղահանվածներից՝ մերոնք մոռացել են հարյուր հազարավոր հայ փախստականների մասին)։ Ղարաբաղցիները լավ են հիշում, թե ինչպես ադրբեջանցիները Խոջալուն սկսեցին շատ արագ զարգացնել՝ ի հակակշիռ Ստեփանակերտի: Նույնը կլինի, երբ ադրբեջանցիները վերադառնան Շուշի ու Լաչին։
Մեր դիվանագիտական զինանոցից հանված է հայ փախստականների ու տեղահանվածների հարցը, մինչդեռ 1989 ադրբեջանական մարդահամարի տվյալներով՝ մոտ 500 հազար հայ էր բնակվում Ադրբեջանում։ Նախկին ԼՂԻՄ–ում և ազատագրված տարածքներում կար 317 հազար ադրբեջանցի։ Եթե հայերի ընդհանուր թվից հանենք Ղարաբաղում այժմ առկա բնակչությունը, ապա մենք դեռ տուժած կողմ ենք։ Անհրաժեշտ է միջազգային դատարանում այս հարցը քննարկման առարկա դարձնել։ Ամբողջ աշխարհը խոսում է մեկ մարդու իրավունքից, այստեղ հարյուր հազարավոր հայ մարդկանց ապրելու և նվազագույն պայմաններ ունենալու իրավունքի հարցն է, բայց, չգիտես՝ ինչու, այս մասին չի խոսվում։

–Հայաստանյան ու ղարաբաղյան իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են զիջումների։ Ոմանք պնդում են, թե դա դիվանագիտական խաղ է, և մերոնք զիջումների չեն գնա։

–Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այսօր փաստացի Իլհամ Ալիևն է դարձել մեզ համար անցանկալի լուծումը վիժեցնելու երաշխավորը։ Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե 7, այլ 12 շրջանն է ուզում և միանգամից։ Բացի այդ՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների՝ կլինի դա ռուս կամ մեկ այլ ազգի, տեղակայմանը (հայկական կողմն այս հարցում էլ է «այո»–ի կողմնակից)։ Մեր իշխանությունների հույսը հենց Ալիևի «ոչ»–ի վրա է։ Երևանն իր «այո»–ն վաղուց է ասել տարածքների մասով։

–Իսկ եթե հանկարծ Ալիևը փոխի մարտավարությունը։

–Այդ դեպքում կունենանք կատաստրոֆա, քանի որ Ղարաբաղում մարդ չի մնա, սպառնալիքներ կառաջանան Սյունիքի համար, և մենք կունենանք շատ կանխատեսելի զարգացումներ։ Բացասական իմաստով զարգացումներ։

–Ինչո՞ւ է այդ դեպքում Ալիևն ասում «ոչ»։

–Պատճառն այն է, որ ինքը, բանակցություններին զուգահեռ, զինվում է և պատրաստվում նաև ուժային լուծման՝ ամբողջ Ղարաբաղը վերցնելու համար։ Հայկական կողմը պասիվ է. հույսը չգիտեմ՝ ինչի վրա է դրել։ Երևի կարծում են, որ դրսի ուժերը կերաշխավորեն խաղաղություն, ինչպես որ հույսները դրել էին միջազգային ուժերի վրա ու սպասում էին, թե շուտով Թուրքիան սահմանը բացելու է։ Միջազգային հանրությունը չի կարող անվտանգության իրական երաշխավոր լինել, մանավանդ երկարաժամկետում։ Սովետմիությունն էլ ինչ–որ տեղ երաշխավոր էր, բայց աշխարհը փոխվեց, Սովետը փլուզվեց, ու մենք մտանք արյունալի բախումների դաշտ։ Հիմա ի՞նչ, նորի՞ց հույս դնենք, որ աշխարհը մեզ կպաշտպանի, ու հետո լացենք, թե բա՝ մեզ կոտորեցին, իսկ անարդար աշխարհը տեր չկանգնեց։
Եթե մի քանի տարի անց նորից մեծ վերաձևումներ լինեն, ապա ռազմավարական դիրքերը զիջելուց հետո ումի՞ց ենք այդ ժամանակ անվտանգություն ու պաշտպանություն ակնկալելու։ Պետք է «թարգել» փլատակների տակ մնալու բնավորությունը և ապավինել միայն սեփական ուժերին։
Ցավով պետք է արձանագրեմ, որ մենք պետականաշինության գործում լուրջ թերացումներ ունենք, և դա է պատճառը, որ դրսի ցանկացած ճնշման՝ լինի դա միջնորդներից կամ Ադրբեջանից, չենք կարողանում դիմադրել ու դառնում ենք «այո» ասող օբյեկտ։

–Ձեր կարծիքով մեր ժողովուրդը կհամակերպվի՞ այն ծրագրի հետ, որի քարոզն իշխանություններն ինտենսիվորեն տանում են։

–Կհամակերպվի թե ոչ, կյանքը ցույց կտա։ Գոնե այս պահին, ինչքան ես եմ տեսնում, 10 միլիոնանոց հայ ժողովուրդը նստած սպասում է, թե ինչ են որոշելու Բաքվում: Ղարաբաղցիները և ընդհանրապես ողջ հայությունը պետք է քնից արթնանան և իրենց ճակատագիրն իրենք որոշեն:

-Հնարավո՞ր է մեզ համար ցանկալի սցենար ունենալ:

-Առանց ուժեղ դիրքերի հնարավոր չէ հակառակորդին խաղաղություն պարտադրել։ Եթե Ադրբեջանը բանակցում է ու զինվում, մենք չպետք է տանուլ տանք այդ մրցավազքում։ Այսօր մոդայիկ է Ռուսաստանից դժգոհելը։ Այո՛, շատ վատ է, երբ մեր հակառակորդին մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում, բայց մարդիկ բաց հայտարարեցին, որ փող տվեք, ձեզ էլ զենք տանք, ընդ որում՝ շատ ավելի էժան գնով, քան Ադրբեջանին։ Դե, դուզ խոսքն էշին են ասում, պետք է հետևություններ անել։ Ուժեղ լինենք, բոլորն էլ կդաշնակցեն մեզ հետ։ Թույլի հետ ոչ մեկը չի ուզում ընկերություն անել։

–Իշխանությունները քարոզում են, թե որպեսզի պատերազմ չլինի, պետք է տարածքները զիջել։

–Վերջերս Մոսկվայում հայկական կողմը հաստատել է, որ պատրաստ է տարածք տալուն, բայց հարցը միայն տարածքը չէ։ 2008–ից հետո հայկական կողմը Ղարաբաղի հարցում 3 կետով շատ լուրջ զիջումների է գնացել՝ 1. Լաչինի շրջանը դարձել է Լաչինի միջանցք կամ կածան, և հիմա դրա շուրջ են կռիվ տալիս, 2. համաձայնել են ադրբեջանցի տեղահանվածների վերադարձին Շուշի և Լաչին, 3. ԼՂՀ կարգավիճակը վերջնական հանրաքվեով կամ պլեբիսցիտով որոշելու հարցը թողնված է անորոշ ապագային, ու դրա փոխարեն ուզում են միջանկյալ կարգավիճակի հարց լուծել։ Սրանք շատ լուրջ զիջումներ են և գործնականում կիրառվելու դեպքում շատ վատ հետևանքների կարող են հանգեցնել։ Սրանից պետք է խոսել։ Եթե շարքային քաղաքացին չգիտի այս մասին, դա հասկանալի է, բայց երբ իրենց պետական ու քաղաքական գործիչ համարողները և «վերլուծաբան» կոչվածներն են սխալ բաներ խոսում, խաբում ժողովրդին կամ չեն հասկանում, թե ինչն ինչոց է, ապա դա խայտառակություն է։

–Եթե փոխզիջման կամ զիջման չենք գնում, ապա հնարավո՞ր է խաղաղություն պահպանել։ Ոմանք պնդում են, որ միջազգային հանրությունը կարող է խաղաղությունը երաշխավորել։

–Պատերազմի և խաղաղության հարցը հայտարարություններով կամ համաձայնագրերով չի որոշվում։ Ամեն ինչ որոշվում է ուժերի բալանսով։ Բանակցելիս պետք է հետևում ունենաս աճող տնտեսություն և արդիական բանակ, նաև՝ քո քաղաքացիների համախմբվածությունն ազգային հարցի շուրջ։ Դա մենք չունենք։ Հաղթանակները մսխվել են սարսափելի ձևով, ու հիմա մեր ժողովրդին ուզում են վախեցնել, թե բա՝ պատերազմ կլինի, եթե չհանձնվենք։
Ես պետք է անկեղծ ասեմ, որ մեր ժողովուրդը շատ ժամանակ չունի Ադրբեջանի կողմից լուրջ պատերազմական գործողություններին անհրաժեշտ ձևով դիմակայելու համար։ Պետք է պատրաստ լինել։ Աթոռակռվի ու քաղաքական խաղերի ժամանակը չէ։

–Բայց այդ պատերազմը վաղուց է սկսված։ Պարբերաբար զոհեր ենք ունենում։

–Դա պայմանական ձևակերպում է: Ես այն կձևակերպեի որպես խոշոր և մանր դիվերսիոն գործողությունների շղթա, որն Ադրբեջանը սկսել է արդեն 2014 թ. ամռանից, և այդ գործողությունների շղթան շարունակվելու է։ Ադրբեջանը փոխզիջման չի գնում։ Նա ամբողջն է ուզում։ Կստանա ամբողջը բանակցություններով, էլի չի հանգստանա ու կանցնի Սյունիքին։ Չի ստանա, կգնա մեծ պատերազմի։ Մի՞թե այս ամենը բարդ է հասկանալ։
Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը իմանա, որ նախկինում համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանն ավարտվել է, և եթե մենք ուզում ենք, որ պատերազմը կանխենք և կանխենք նաև դիվերսիաներն ու գրեթե ամեն օր մեկ-երկու զոհ չտանք, կամ եթե պատերազմ լինի, ապա փոքր կորուստներով մեծ խնդիրներ լուծենք, ապա պետք է վերականգնենք ռազմական բալանսն Ադրբեջանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: