25.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ
prev Նախորդ նորություն

Տնտեսական ակտիվության աճը Հայաստանում 3 տոկոս է

2016-ի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:

Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 7,9 տոկոսով, ծառայություններինը՝ 7,6 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 1,3 տոկոսով: Անկում է արձանագրվել շինարարությունում՝ 7,6 տոկոսով և առեւտրում՝ 0,4 տոկոսով:

Գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` 1 տրլն 174 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 777 մլրդ դրամ, երրորդը` ծառայությունների ծավալը` 690 մլրդ դրամ:

Համաձայն հրապարակման՝ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-հուլիսին 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,3 տոկոսով և կազմել 2 մլրդ 658 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 969 մլն դոլար՝ աճելով 16,5 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 689 մլն դոլար՝ նվազելով 4,4 տոկոսով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 720 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նույն ցուցանիշների համաձայն, առաջին յոթ ամիսների արդյունքներով, բարձրացել է 2,3 տոկոսով և կազմել 184,9 հազար դրամ, մասնավոր հատվածում` 218,9 հազար դրամ՝ աճելով 5,2 տոկոսով, պետականում` 159,9 հազար դրամ՝ նվազելով 1 տոկոսով: Միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը:

Նշենք, որ 2016-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5 տոկոս, հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 4,7 տոկոս, հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատ՝ 5,5 տոկոս, հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ՝ 6 տոկոս, հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ՝ 5,5 տոկոս, հունվար-հունիսին նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ՝ 4,8 տոկոս: