Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք կարևոր հարցերի շուրջ. Փաշինյանը` Վոլոդինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է: Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Պարոն Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տաիս:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը: «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ: