Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ ԽՎ նիստն անցկացնել Հայաստանում
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր՝ ապրիլի 20-ին, հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա Փաշինյանի առաջին այցն է Պետդումա:
«Ձեր այցը Պետդումա միանշանակ կազդի մեր խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վրա»,- նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։
Պետդումայի նախագահի խոսքով, «Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը խորհրդարանական հարթության շրջանակներում շատ ակտիվ է»։ Դրան նպաստում է երկու երկրների միջև վստահությունը, հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։
«Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց»,- հավելել է Պետդումայի նախագահը։
Հայաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ նման շփումը նոր լիցք է հաղորդում երկու երկրների հարաբերություններին։
«Վստահ եմ, որ մեր միջխորհրդարանական կապերը կզարգանան»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև վստահեցրել է Պետդումայի նախագահին, որ կաջակցի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։
Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին առաջարկել է Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ ԽՎ նիստ՝ ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու նպատակով։
Բացի այդ, Պետդումայի նախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է իր հաջորդ այցի ընթացքում ելույթ ունենալ Պետդումայի պատգամավորներին լիագումար նիստում։