VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ մինչեւ ուշ երեկո թիմի հետ չէր հանդիպել, չէր կիսվել հանդիպման արդյունքներով, սակայն Փաշինյանին մոտ գտնվող անձինք շարքային պատգամավորներին փոխանցել են, որ, ըստ էության, նոր փաստաթուղթ չի ստորագրվել, այլ կողմերը պատրաստակամություն են հայտնել, 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով։ Եվ շեշտել են, որ գնդակը կրկին Ռուսաստանի դաշտում է, ապրիլի վերջերին, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում, որտեղ չի բացառվում, որ հերթական հանդիպումը լինի Ալիեւի հետ` Վլադիմիր Պուտինի քավորությամբ։ Չի բացառվում նաեւ, որ ՌԴ-ում որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Դա կլինի մեր օգտին, թե մեր դեմ՝ կախված է նրանից, թե ինչ իրավիճակում կլինի ՌԴ-ն` Ուկրաինայի հետ հակամարտության հետեւանքով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ, ինչպես հայտնի է, պետք է նաեւ աշխատանքային խումբ աշխատեր՝ փորձագետներ, որոնք կլրացնեին Ռուբինյանի գիտելիքների ու փորձի պակասը: Այն պետք է կազմվեր դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Այդ մասին հայտարարել է թե՛ Ռուբինյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, արտաքին գործերի նախարարությունը տեւական ժամանակ է՝ չի գաղտնազերծում այդ խմբում ներգրավված կոնկրետ անունները՝ պատճառաբանելով, թե անձնական տվյալներ տրամադրել չեն կարող, կարող են տրամադրել, եթե ունենան տվյալ մասնագետների համաձայնությունը։ Այսինքն, մեր երկրի ու ժողովրդի համար բախտորոշ հարցերը վճռող անձանց շրջանակն անգամ գաղտնի են պահում հանրությունից: Հայտնի է միայն, որ խորհրդատվական այդ խումբը ձեւավորվել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության հիման վրա, ինչպես նաեւ քննարկումներ են անցկացվում ոլորտային փորձագետների հետ։ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց Ռուբինյանի գլխավոր խորհրդատուն Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն է, որն անցած տարվա հոկտեմբերին է դեսպան նշանակվել, իսկ մինչ այս` երկար տարիներ ղեկավարել է հիշյալ՝ ԱԳՆ սահմանակից երկրների վարչությունը: Նա մասնագիտությամբ թուրքագետ է։ Նրանից բացի, նույն վարչությունից այլ թուրքագետներ էլ են ներգրավված խմբում։ Մեզ ասացին, որ գործընթացում ակտիվ դերակատարում ունի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով, ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, որն ուղիղ հարաբերվում է Նիկոլ Փաշինյանի հետ եւ ուղիղ էլ խորհուրդներ է տալիս նրան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը հերթական հրատապ քննարկումն է հրավիրում, այս անգամ՝ տնտեսական թեմայով։ «Հանրային ծառայությունների գների աճի ազդեցությունը ազգաբնակչության կենսամակարդակի եւ տնտեսության վրա (առկա վիճակ եւ անելիքներ)» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն օրերս նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Այն ներկայացվել է պատգամավորի անունից, սակայն ամբողջ խմբակցության առաջարկն է: Ստորագրահավաքին միացել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս հարցով քննարկում անցկացնելու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային ծառայությունների՝ գազի, ջրի, էլէներգիայի սակագների աճը ոչ միայն անմիջականորեն ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, այլ նաեւ շղթայաբար բացասական հետեւանքներ է ունենում տնտեսության վրա: Նշում են նաեւ, որ, մի կողմից, իշխանությունը մերժում է ընդդիմադիրների՝ նվազագույն աշխատավարձերը, նպաստները բարձրացնելու առաջարկները, մյուս կողմից՝ համարժեք լուծումներ չի առաջարկում։ Ընդդիմությունն առաջարկում է նաեւ, որ այս հարցով քննարկմանը մասնակցեն Կենտրոնական բանկի նախագահն ու իրավասու փոխվարչապետը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Երեւանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը։ «Քննարկվում է, որովհետեւ նաեւ քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում, բնականաբար, երկրները ներկայացնում են նաեւ իրենց առաջարկությունները եւ, բնականաբար, երկրները նախեւառաջ առաջարկություններ են ներկայացնում, որ էդ հարցի լուծմանը զուգահեռ նաեւ լուծվի ամենախոշոր արտահանվող ներմուծման դիմաց արտարժույթ արտահանվող գործիքների հարցը։ Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ էդ հարցը լուծում կունենա, որովհետեւ կան օբյեկտիվ պատճառներ, բայց, այնուամենայնիվ, այսօր արդեն առնվազն գլոբալ իմաստով էդ հարցը քննարկվում է նաեւ հանրային տիրույթում եւ ինչ-որ պահի, ես կարծում եմ, կդառնա շատ ավելի կոնկրետ օրակարգային»,- ասել էր Գրիգորյանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչ հետեւանքներ կարող է առաջացնել գազի սակագնի եւ տնտեսության տեսանկյունից։
«Չեմ կարծում, որ լուրջ հետեւանքներ կառաջացնի, բայց տնտեսության առումով պետք է երեւի թե հարցն ուղղել Կենտրոնական բանկ կամ էկոնոմիկայի նախարարություն, այսինքն՝ ելնելով դրամավարկային քաղաքականությունից, թե ինչքանով է նպատակահարմար ինչ արժույթով առնելը, դա արդեն իրենք կպատասխանեն»,- ասաց Բաղրամյանը։
- Իսկ ռուսական ռուբլով վճարելը չի՞ կարող ռիսկեր առաջացնել՝ հաշվի առնելով ռուբլու կուրսի հաճախակի փոփոխությունը։
- Սակագնի տեսանկյունից ինչքան կայուն փոխարժեք է, այնքան ավելի գերադասելի է՝ զուտ հանձնաժողովի տեսանկյունից եմ ասում, որովհետեւ ցանկացած նման փոխարժեքի հետ կապված փոփոխությունները, այսինքն՝ սակագնում ներառված ե՛ւ փաստացի տարբերությունները, ծավալի հետ կապված տարբերությունները, ե՛ւ դրական, ե՛ւ բացասական առումով, ամեն դեպքում, հետո փոխհատուցվում են կա՛մ ընկերությանը, կա՛մ սպառողին։ Այսինքն՝ ինչքան ավելի կայուն լինի, սակագնային տեսանկյունից մեզ համար ավելի գերադասելի է։
- Իսկ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի կողմից նպատակը ո՞րն է, որ պարտադրում են ինչպես եվրոպական երկրներին, այնպես էլ դաշնակից Հայաստանին՝ ռուսական ռուբլով վճարել իրենց վաճառած գազի դիմաց։
- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ պարտադրել է ռուբլով վճարել։ Ինչքան ես եմ տեղյակ, պարտադրանք եղել է ընդամենը Ռուսաստանի ոչ բարյացակամ երկրներին, եւ, իմ կարծիքով, դա ընդամենը ուղղված է ռուբլու փոխարժեքի կայունացմանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին, հրավիրել է կոմիտե՝ հարցաքննության: Ավելին՝ քրեական գործը Գլխավոր դատախազության կողմից երկրորդ անգամ կոմիտե ուղարկելու ժամանակ կրկին հարցաքննության են հրավիրվել Շանթի Յուրա անունով հայտնի Յուրա Ղարիբյանը եւ գործարար Արշավիր Սարգսյանը, որոնք Հովսեփյանի որդու հետ բիզնես կապերի մեջ են եղել: Եվ, ահա, 7 ամիս անց հերթական անգամ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննությունն ավարտել է: Պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար՝ լրացուցիչ մասով: Գործը դեռ դատարան չի ուղարկվել: Աղվան Հովսեփյանը արդեն շուրջ 7 ամիս է, ինչ կալանքի տակ է եւ գտնվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 8-ին բարձրացված աղմուկից հետո Աննա Հակոբյանը կրկին որոշել էր հավաքույթ կազմակերպել ապրիլի 7-ի առիթով: Իշխող ամուսիններին բնորոշ է համառությունը: Եվ կառավարական առանձնատուն էր հրավիրել զոհվածների կանանց եւ մայրերին: Կանանց մի մասը, որոնք իշխանություններին մեղադրում են իրենց զավակների մահվան մեջ, նախօրոք հրաժարվել էր մասնակցել այդ խնջույքին, ուստի իշխանությունը, որպեսզի ապացուցեր, որ մերժողները փոքրամասնություն են, գազելներով մարզերից զոհվածների հարազատներին բերել էր Երեւան: Նրանք հերթ էին կանգնել ներս մտնելու համար, ապա մտնելուց հետո տեսել էին, որ նստելու տեղ չկա, վիրավորված հեռացել էին` չսպասելով Աննա Հակոբյանի ժամանելուն»: