Նախագահը հյուրընկալել է տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է հանրապետության տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց:
Շնորհավորելով տոնի առթիվ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Այսօր իսկապես յուրահատուկ օր է մեզ համար, քանի որ համընկել է մեր եկեղեցու ամենակարևոր տոներից մեկի հետ: Ներկայիս արագ փոփոխվող դարաշրջանում մեզ համար շատ կարևոր է, որ մենք մեր ավանդույթները, մեր սովորությունները չենք մոռանում, և այս գործում ձեր դերն ամենամեծն է: Դուք որպես ընտանիքի մայրեր այդ գործն անում եք լավագույնս և այդ ավանդույթները փոխանցում եք հետագա սերունդներին:
Դուք առանձնահատուկ նշանակություն և դեր ունեք մեր հայկական ընտանիքներում: Ի վերջո մենք միշտ ցանկանում ենք, որ ձեր ցանկությամբ որոշումներն ընդունվեն, որովհետև համոզված ենք, որ դրանք լավագույնն են, ուղղված են ընտանիքի ամրապնդմանը, երջանկությանը և երբևիցե չեն վնասի»:
Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով. «Դուք այն բնագավառի ներկայացուցիչներն եք, որ մեզ առողջություն եք պարգևում: Հատկապես այս երկու տարվա ընթացքում՝ համավարակի, պատերազմի պայմաններում, դուք ահռելի մեծ ծանրաբեռնվածության աշխատանք եք կատարել: Մենք բոլորս ձեր հոգատարությունը զգացել ենք և մեծապես գնահատում ենք և՛ որպես Հայաստանի քաղաքացիներ, և՛ որպես պետություն»:
Ամփոփելով խոսքը նախագահ Խաչատուրյանը բոլորին մաղթել է աշխատանքային հաջողություններ, անձնական, ընտանեկան երջանկություն: «Կարծում եմ, որ մենք պետք է միշտ կարողանանք դժվարին իրավիճակները միասին հաղթահարենք: Դուք ապացուցել եք, որ մենք կարող ենք այդպես անել»: