25.11.2024
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար 110 հազար դոլար արժողությամբ երեք ամենագնաց ձեռք կբերվի

Ազգային ժողովի աշխատակազմին կթույլատրվի ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց երեք ավտոմեքենաներ խորհրդարանի նախագահ Ալեն Սիոմնյանի BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցելու համար: Այս հարցը ներառված է առավարության`ապրիլի 7-ի նիստի օրակարգում, որի համար պետական բյուջեից հատկացվելու է 54 մլն դրամ (շուրջ 110 հազար դոլար):


Նախագծում նշվում է, որ գործարքն իրականացվելու է մեկ անձից գնման ընթացակարգով` «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ից, որը նշված մոդելի համար «կիրառել է նաև լրացուցիչ զեղչեր»:


Գնման հրատապությունը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է ողեկցող ավտոմեքենաների` առկա տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու հանգամանքով:


«ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը:


ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար», - ասված է հիմնավորման մեջ:


Նշվում է նաև, որ ԱԺ աշխատակազմը լրացուցիչ հիմնավորման համար դիմել է ՀՀ Պետական պահպանության ծառայություն՝ TOYOTA մակնիշի RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաների՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահի անվտանգ տեղաշարժը ապահովող և նրան սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող, շահագործման նպատակահարմարության հարցով, և ստացել դրական դիրքորոշում /պատասխան գրությունը կցվում է/:


Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։


Հիշեցնենք` ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի մեքենա ձեռք բերվեց: Պատճառը, ըստ պաշտոնական փաստաթղթերի այն էր, որ «նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել էր ծախսատար, և դրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս ոչ արդյունավետ»։ Գնումը կատարվեց առանց մրցույթի` մեկ անձից գնման ընթացակարգով, քանի որ «պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում էր հրատապ»: