24.11.2024
Միացյալ Թագավորությունն աջակցում է Արցախում լարվածության թուլացման ջանքերին
prev Նախորդ նորություն

Անդրեասյանը և Լույոն քննարկել են ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը

Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:


Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները:


Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքները: Կարևորվել է դրա դերակատարումը՝ հատկապես դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափման հարցում:


Նախարարը ներկայացրել է ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության տեսլականը և կառուցվածքային նախագիծը, որը դեռ քննարկման փուլում է: Դեսպան Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Ներքին գործերի նախարարության ձևավորման և հետագա կայացման հարցում:


Ըստ աղբյուրի՝ ընթացիկ նախագծերը ներկայացնելիս՝ նախարար Անդրեասյանը որպես ձեռքբերում կարևորել է Հակակոռուպցիոն դատարանների ձևավորումը, որը մոտենում է ավարտական փուլին, Արբիտրաժային կենտրոնի կազմավորումը և արդեն իսկ ձևավորված Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատները:


Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի աշխատանքները, որը գլխավորում է նախարար Կարեն Անդրեասյանը: Նախարարը հատկապես կարևորել է, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է ստեղծվի կատարելագործված օրենսդրություն, որը թույլ կտա առավել նպատակային և արդյունավետ կազմակերպել դատավորների բարեվարքության ստուգումների գործընթացը:


Անդրադարձ է կատարվել նաև ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելուն և Հարկադիր կատարման ծառայության գործունեությանը:


Նշվում է, որ Անն Լույոն բարձր է գնահատել արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ հարցում արդարադատության նախարարության ունեցած դերակատարումը:


Նախարար Կարեն Անդրեասյանն իր հերթին գոհունակություն է հայտնել դեսպան Անն Լույոյին՝ ՀՀ կառավարությանը Եվրոպական միության և հատկապես Ֆրանսիայի Հանրապետության ցուցաբերած աջակցության համար:


Ամփոփելով հանդիպումը, հիմքում ունենալով համատեղ կատարված աշխատանքների տեսանելի արդյունքները, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ի նպաստ մի շարք նախագծերի իրագործման: