Միացյալ Թագավորությունն աջակցում է Արցախում լարվածության թուլացման ջանքերին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Դեսպան Գալագերը հաստատել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել փոխգործակցությունը ռազմակրթական, ուսումնավարժական և խաղաղապահ կարողությունների զարգացմանը նպաստող ոլորտներում: