Թուրքիայի միակ բացահայտ նախապայմանն է Ադրբեջանի շահերի առաջմղումը․ քաղաքագետ
Նախօրեին Ադրբեջան-Արցախ-Հայաստան լարվածությանը տարբեր առիթներով միաժամանակ անդրադարձել են Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը։ Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը՝ շարունակելով․
"Բնականաբար, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները բացահայտ ադրբեջանամետ բովանդակության են՝ պարունակելով Բաքվի քաղաքական կշռին և տարածաշրջանային դերակատարմանը նպաստելու նպատակային ուղերձներ։
Անկարա-Բաքու քաղաքական հռետորաբանության ներդաշնակեցման հերթական դաշնակցային դրսևորումը կարելի է դիտարկել առնվազն երկու հարթությունում։
1. Նախ Արցախում արձանագրված վերջին լարվածության հետ կապված Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն է ցուցաբերվում սեփական դաշնակցին՝ նաև Ռուսաստանի և միջազգային այլ դերակատարների թիրախային արձագանքների համատեքստում։
2. Ըստ էության, առնվազն տողատակում կիրարկվում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում ցայժմ ակնհայտ միակ նախապայմանը՝ Ադրբեջանի շահերը հաշվի առնելու հանգամանքը՝ հստակ ակնարկելով Երևանին՝ Բաքվի պահանջներն ընդունելու կարևորությունը նաև Անկարայի հետ ընթացող գործընթացի հեռանկարի համար",- գրել է Պետրոսյանը։