Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ` ներկայացնելով «Ինձ հետ մնա» երգը
28.03.2022
Երաժիշտ Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ` ներկայացնելով «Ինձ հետ մնա» երգը` տեսահոլովակով։ Մինչ հանդիսատեսին հասնելը, երգը երկար ճանապարհ է անցել։ Վահագը նշում է, որ երգի սկզբնական աշխատանքներն արվել են մոտ 6-7 տարի առաջ։ Խոսքերի հեղինակը Տաթեւ Ոսկանյանն է։
«Անկեղծ չեմ կարող հիշել երաժշտությունն էր առաջինը ստեղծվել, թե բառերի մի հատվածը։ Երգի փոքր կտորը տարիներ հետո գտա իմ արխիվից, մոտ մեկ տարի առաջ էր, ուղարկեցի Տաթևին և երկուսս էլ հասկացանք, որ երգը պետք է կյանքի կոչել։ Սկսեցինք աշխատել թե՛ երաժշտության, թե՛ բառերի վրա։ Վերջնական տեսքը ստանալուց հետո հանձնեցի Կարեն Արզումանյանին գործիքավորման համար։ Գործիքավորման ավարտից հետո Սերգեյ Գասպարյանը կատարեց ձայնագրությունը, ավելացրեցինք կենդանի թավջութակի նվագակցություն, որը նվագեց Սիփանը և ստացանք երգի այս տարբերակը։ Բավական երկար լսելուց հետո հասկացա, որ երգը տեսահոլովակով է պետք ներկայացնել, դիմեցի Մարիամ Գրիգորյանին, ում հետ միասին որոշեցինք, թե ինչ ոճի մեջ ենք անելու հոլովակը»,-նշեց Վահագը։
Նրա խոսքով` պարի հատվածին հասել ու հիշել է, որ «Պար Պսակի» երգի հոլովակի նկարահանման ժամանակ աշխատել են շատ տաղանդավոր պարային զույգի` բալետի արտիստներ Րաֆիի և Սուսաննայի հետ. «Դիմեցի Սուսաննային և արդյունքում ստացանք շատ հետաքրքիր մի հոլովակ»։