23.11.2024
Մամուլ. Ի՞նչ սև անցքեր ունեն թավշյաները իրենց անցյալի էջերում
prev Նախորդ նորություն

Ադրբեջան-ՀՀ երկկողմ շփման ձևաչափը դրական արդյունք չի կարող տալ Հայաստանին. քաղաքագետ

Ադրբեջանը փորձելու է առավելագույնս օգտվել աշխարհաքաղաքական պատեհ իրավիճակից: Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը:

"Պետք է ելակետային ընդունել այն իրողությունը, որ ուկրաինական պատերազմի հետևանքով գլոբալ զարգացումները նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից դիտարկվում են որպես պատեհ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ իրենց խնդիրները լուծելու, դիրքերն ավելի ամրապնդելու տեսանկյունից՝ ճիշտ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերի օրինակով։

Այս համատեքստում առանց չափազանցության կանխատեսելի է հատկապես Ադրբեջանի կողմից բոլոր հնարավոր ուղղություններով՝ քաղաքական, ռազմական, հումանիտար, հոգեբանական, քարոզչական և այլն առավելագույն ձեռքբերումների միտված նպատակային գործողությունների անընդհատ իրականացման հնարավորությունը։ Որպես օրինակ՝ գյուղ առ գյուղ Արցախի տարածքների օկուպացիայի շարունակությունը, արցախցիներին արտագաղթի մղման նպատակային քայլերը, Հայաստանին բացառապես երկկողմ ձևաչափում հաշտության պայմանագրի դրդման փորձերը և այլն։

Նման իրավիճակում հայկական կողմի համար ստեղծվել է բավականաչափ բարդ իրավիճակ՝ հնարավորինս գրագետ գործելու, սադրանքների չտրվելու, բայց միևնույն ժամանակ Բաքվի նպատակները կանխելու ուղղություններում։

Հետևաբար հանգուցային է այս պայմաններում բացառապես սեփական սահմանափակ ռեսուրսները նպատակային օգտագործելու և բացառապես սեփական հնարավորություններն օբյեկտիվ հաշվարկելու մոտեցմամբ առաջնորդվելը։

Քանի որ՝
1. Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեկնարկից առաջ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի ստորագրմամբ նպատակ ուներ նաև ապահովագրել արցախյան հակամարտության գոտում հնարավոր լարվածության պարագայում սեփական ոչ վճռական վարքը՝ առնվազն քարոզչական հարթությունում հիմնավորելով, թե և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար դաշնակից երկրներ են, և որ ուղղությամբ էլ ծավալվի նրանց միջև լարվածությունը և ինչ հանգուցալուծում էլ ստանա, մեծ հաշվով Ռուսաստանի շահերը և ազդեցությունը առանձնապես չեն նվազի։

2. Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն, օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից, ձգտելու է հնարավորինս թուլացնել Ռուսաստանի դիրքերը այս տարածաշրջանում ևս՝ հիմնականում Թուրքիայի հնարավորությունների կիրառմամբ, ինչպես նաև «Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ կապի» միջոցով խնդիրները կարգավորելուն միտված կոչերի միջոցով։

3. Ադրբեջան-Հայաստան երկկողմ շփման ձևաչափը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ Հայաստանի համար, քանի որ հաղթանակից հետո հղփացած Ալիևի վարչակարգից կառուցողական մոտեցում ակնկալելը պատրանք է, իսկ Բաքվի վերջնական նպատակը Երևանից առավելագույն զիջումներ կորզելն է։

4. Իսկ նման իրավիճակում դիվանագիտական համակողմանի ջանքերից բացի հայկական կողմի համար օրակարգային հարց է բոլոր ճիգերի գերլարման արդյունքում անգամ պատրաստ լինել կանգնեցնել Ադրբեջանի ռազմական առաջխաղացումը",- գրել է քաղաքագետը։