23.11.2024
Ոչ մի խաղաղության օրակարգ չկա և չի լինելու, Ադրբեջանն ու Թուրքիան չեն կանգնելու ոչնչի առջև
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչ սև անցքեր ունեն թավշյաները իրենց անցյալի էջերում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանավորների պաշտոնական կենսագրություններից երբեմն թաքցվում են ինչ-որ փաստեր, անգամ բացակայում են ժամանակի հսկա հատվածներ։ Այդ տարիներին մարդը, որն այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում, չի աշխատել, չի սովորել, կարծես՝ չի ապրել։ Ներքոշարադրյալ տեղեկությունները վերցրել ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականներից: Այսպես․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015 թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա 1998-2015 թթ․ հատվածը, Մաթեւոս Ասատրյանի կենսագրականում՝ 2008-2012 թթ․, Վիլեն Գաբրիելյանի՝ 2009-2013 թթ․, Վիգեն Խաչատրյանի՝ 1999-2007թթ․ եւ 2017-2021թթ․, Վահե Ղալումյանի՝ 1998-2001 թթ․ հատվածը, եւ այսպես շարունակ: Վահագն Ալեքսանյանի դեպքում գրված է՝ 2019 թվականին ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան: Այս բուհում մագիստրոսական ծրագիրը 2 տարի է: Այսինքն, Ալեքսանյանն արդեն պիտի ավարտած լիներ, եւ այդ մասին նշվեր պաշտոնական կենսագրությունում՝ կա՛մ կիսատ է թողել ուսումը, կա՛մ չի կարողանում ավարտել: Հուսանք, սույն թավշյաները երբեւէ հարկ կհամարեն բացահայտել, թե այդ ինչ սեւ անցքեր են իրենց անցյալի էջերում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները վերջին ամիսներին էլ ավելի են լարվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, թե գործադրի ներսում հույս են ունեցել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին մեկ այլ տեղ կգործուղի, ու իրենք «կազատագրվեն» նրանից: Ի սկզբանե, հիշեցնենք, ՀՀ նախագահի պաշտոնում իշխանությունը հենց նրա անունն էր շրջանառում: Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանին թիմակիցների մասին համար առաջին տեղեկություններ փոխանցողը Հարությունյանն է, ում խորհուրդներին էլ անսալով՝ վարչապետը նկատողություններ է անում կամ որոշում՝ ում իր «սեւ ցուցակում» ներառել: «Հարությունյանը խառնվում է գրեթե բոլորի գործերին, հրահանգներ իջեցնում նախարարին ու ոչ միայն: Հատկապես ՔՊ վարչության ներկայացուցիչները, որ անվստահություն ունեն Հարությունյանի նկատմամբ, մոտ 5-6 ամիս որեւէ շփում չունեն նրա հետ: Բոլորն էլ փորձում են Փաշինյանի հետ ուղիղ շփվել. հասկացել են, որ Արայիկ Հարությունյանը բոլոր ինֆորմացիաները վարչապետին իր նախընտրելի սոուսով է մատուցում: Հատկապես կրթությանը վերաբերող հարցերում ասես չհամակերպվելով նախարարի պաշտոնը կորցնելու հետ՝ անում է հնարավորն իր ասածն առաջ տանելու համար. «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մերձկառավարական աղբյուրները»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել են Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել, ինչը կլուծի վերջին 1.5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ «Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից»,- ասաց նա` հավելելով, որ հայկական կողմը սպասում է այս առաջարկի շուրջ Ադրբեջանի արձագանքին։ Երասխի մարտերի մասնակիցներից եւ Նաիրի բարձունքը գրաված ջոկատի տղաներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր է․ «Ճիշտ է՝ Երասխի հատվածում շփման գիծը զիգզագ է հիշեցնում, եւ որոշ տեղերում մենք ենք իրենց տարածքում, որոշներում՝ իրենք, սակայն մեր կողմում կան բարձունքներ, որոնք մեր տնօրինության տակ են, եւ սխալ է այդ դիրքերը հանձնելը։ Եթե չեն հստակեցվելու, թե որ հատվածներից որքան պետք է հետ քաշվենք, արդյունքում մենք կարեւոր բարձունքներ կզիջենք, եւ ընդհուպ մեր դիրքերը կիջնեն, կմոտենան Երեւան-Երասխ միջպետական ճանապարհին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։ «Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։ «Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, վերադառնալով Խրամորթից, ականատեսի վկայությամբ ներկայացրեց իրավիճակը: Ինչպես նշում է պատգամավորը, Խրամորթում իրավիճակը խաղաղ է: Թովմասյանը նշեց, որ Խրամորթի համայնքապետը, ի պատասխան ադրբեջանական նամազի, հայկական ռազմահայրենասիրական երգեր է հնչեցրել գյուղում, ինչը լսելի է եղել գյուղի բոլոր հատվածներում: «Մենք հանկարծակի իմացանք, որ վերեւում՝ Փանուխ համայնքի վրա հարձակում է տեղի ունեցել, եւ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են համայնք… Ես ուզում եմ արձանագրել, որ սա ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ: Ինչո՞ւ. որովհետեւ հայկական զորք այդ երկու համայնքներում չկա..Հաշվի առնելով, որ այս պահին Ռուսաստանում, մեղմ ասած, խառը վիճակ է, Ադրբեջանը փորձում է այստեղ նոր ճակատ բացել Ռուսաստանի համար»: Պատգամավորը նշեց, որ այս դեպքերը ազդակ են այն բանի, որ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթը, ըստ էության, սկսել է չգործել: Այս պահին, Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում, որ ադրբեջանցիները գնան իրենց ելման դիրքեր: Ըստ պատգամավորի՝ Խրամորթը ռազմավարական նշանակալի համայնք է, այն գտնվում է բարձրունքում, ինչը եւ ադրբեջանցիները ուզում են գրավել՝ լիարժեք վերահսկողություն սահմանելու համար, քանի որ այս երկու համայնքներից է, որ Ակնան (Աղդամը) ամբողջապես տեսանելի է: Ըստ պատգամավորի՝ վիճակը շատ անկայուն է, ընդհուպ նոր էսկալացիայի վտանգ կա:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին: Գարիկ Սարգսյանի կողմնակիցները երեկ ուշ գիշերին քաղաքում «ռազբորկա» են արել, ծեծկռտուք հրահրել: Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող ՔՊ շտաբի ներկայացուցիչը երեկ փողոցում որոշել է «ատչյոտ» պահանջել մրցակից ճամբարի՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության համակիրից, թե ինչու են իրենց թեկնածու Գարիկ Սարգսյանին մրցակիցները կոկորդիլոս, կոկորդիլոսագետ անվանում: Ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ Գարիկ Սարգսյանն է ինքն իրեն նման մականունով կնքել: Սարգսյանի կողմնակիցը, որը մեր տեղեկություններով Արտաշատ քաղաքի բնակիչ է, որը պարզապես Վեդիում աշխատում է Գարիկի համար, սեռական հայհոյանք է տվել, թե՝ ով ասի կոկորդիլոս, իրա սենցն ու ընենցը: Որից հետո քաշքշուկ է սկսվել, ՔՊ շտաբից մի քանի տասնյակ մարդ դուրս է թափել, մյուս կողմի շտաբից էլ են հասել դեպքի վայր, սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք, ապա ոստիկանները եկել եւ միայն ընդդիմադիրներին են բաժին տարել: Կեսգիշերին մոտ բաց են թողել տղաներին, որոնցից միայն մեկի անունը մեզ հայտնեցին՝ Վահան Սիմոնյան: Կողմերից եւ ոչ մեկի ներկայացուցիչը լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: Մեզ ասացին, որ Սարգսյանի շտաբում հատուկ սադրել են եւ ընտրություններից երկու օր առաջ նման միջադեպով նպատակ ունեն բռնել մրցակիցների վախը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է: Ի դեպ, կարճման, գործընթացը բավականին ուշագրավ հանգամանքներում է կատարվել, որին կանդրադառնանք առաջիկայում: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները` մատնանշելով, թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել: Եվ, ահա, վերոնշյալ պաշտոնյաներից ոմանք ընդունեցին իրենց մեղքը, եւ վաղեմության ժամկետի հիմքով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց: Մասնավորապես, ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի մասով գործը կարճվել էր: Եվ, ահա, կարճվել է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով գործը: Տեղեկությունը փորձեցինք պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որոնց պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: