Արցախում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ
Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։
Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։
VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախ գազամատակարարումը` շատ ցուրտ եղանակային պայմաններում բնակչությանը զրկելով ջեռուցման կարեւոր ռեսուրսից։ Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի պահվածքը որակել է հումանիտար ահաբեկչություն։ Մինչդեռ հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հրամանատարի մակարդակով այս հարցով բանակցում է ադրբեջանական կողմի հետ։
Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը՝ կանխելու հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների անմիջական և անխոչընդոտ ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։