Դեղերը հասանելի կլինեն նաև «ՀայՓոստի» միջոցով
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկա է գտնվել «ՀայՓոստ Մեդ» դեղատնային ցանցի երրորդ դեղատան բացմանը` 0028 փոստային բաժանմունքում:
Հաշվի առնելով, որ «ՀայՓոստը» Հայաստանի փոստի ազգային օպերատորն է, որն ունի բաժանմունքների ամենամեծ ցանցը` նախարարն ընդգծել է դեղատնային ցանցի ընդլայնման կարևորությունը` մարզային բնակչության համար առողջապահական ծառայությունը հասանելի դարձնելու տեսանկյունից.
«Վստահ եմ, որ «ՀայՓոստն» իր ընտրած զարգացման ուղենիշով կնպաստի առողջապահության նախարարության մեկնարկած կարևորագույն ռեֆորմի իրագործմանը, այն է` առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում և քաղաքացիների համար հասանելի և որակյալ առողջապահական ծառայությունների մատուցում»:
«ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է, որ ստեղծվող դեղատնային ցանցը կօգնի հասանելի և հարմարավետ դարձնել ծառայությունները.
«Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել «ՀայՓոստ Մեդ» դեղատուն, կամ օգտվել մարզերում դեղատնային ապրանքների տուն առաքման ծառայությունից: Գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք ցանցն ընդլայնել մարզերի ուղղությամբ: Շուտով դեղատներ կբացվեն Գյումրիում, Վանաձորում և այլ մարզկենտրոններում»:
Կարապետյանը նշել է, որ նախատեսված է դեղերի առաքման ծառայություն ներդնել նաև մայրաքաղաքում: