Կալանավորվել է անհետ կորած զինվորների հարազատներից գումար հափշտակած 41-ամյա տղամարդը
18.03.2022
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի գործընկերների հետ, մարտի 17-ին մայրաքաղաքի Ներքին Չարբախ թաղամասում հայտնաբերել ու Մարտունու բաժին բերման են ենթարկել 41-ամյա հետախուզվողի։
2021 թվականի ապրիլին ԱԱԾ-ում խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ 41-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանում, Մարտունիում, Աբովյանում և Մասիսում բնակվող ժամկետային զինծառայողների հարազատներին մոլորեցնելով՝ հավաստիացրել էր, որ զինվորները չեն զոհվել ու գտնվում են Բաքվում և ինքը, Ադրբեջանում ընկերական կապերն օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Ռուսաստան կամ Վրաստան, այնուհետև՝ Հայաստան։
Գործընթացը կազմակերպելու համար անհետ կորած զինվորների ծնողներից ու հարազատներից պահանջել ու բանկային փոխանցումների միջոցով ստացել էր ընդհանուր 1 միլիոն 558 հազար դրամ։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։