24.11.2024
Հայաստանը մեկ միասնական տաղավարով մասնակցում է MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսին
prev Նախորդ նորություն

Խաղաղության մասին Ադրբեջանի բարձրաձայնումներն անկեղծ չեն. ՄԻՊ

Խաղաղության մասին Ադրբեջանի հայտարարությունները, մեղմ ասած, անկեղծ չեն: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը` հավելելով, որ անկեղծության բացակայության մասին են վկայում առնվազն վերջին երկու շաբաթվա իրադարձությունները և էսկալացիաները՝ ներառյալ հումանիտար լարվածությունը:


Նրա խոսքով, Արցախում Ադրբեջանի կողմից ճնշումների, ահաբեկման, հայաթափման քաղաքականությունը շարունակվում է։ Այնուհետև նա թվարկեց ադրբեջանական կողմի գործողությունները. «Այս ընթացքում եղան նաև գազի անջատման հետ կապված խնդիրները՝ եղանակային նման ցուրտ պայմաններում։ Այն, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս վթարված գազատարը վերանորոգել, ևս մեկ ապացույց է, որ սա ուղղակիորեն մեկ կետից կառավարվող քաղաքականություն է։ Նպատակը պարզ է՝ Արցախի էթնիկ զտում և հայաթափում»։


Նրա խոսքով, խաղաղության ձգտումն ինքնին կարևոր է, սակայն դրա մասին բարձրաձայնումները պետք է ապացուցված և ապահովագրված լինեն գործողություններով։ «Առնվազն վերջին երկու շաբաթվա իրադարձությունները և էսկալացիաները՝ ներառյալ հումանիտար լարվածությունը, ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություն չկա և, մեղմ ասած, Ադրբեջանի կողմից դրանք անկեղծ չեն»,-ընդգծեց Մարդու իրավունքների պաշտպանը։