Լեռնային Ղարաբաղը կանգնած է սահմանադրական բարեփոխումների նախաշեմին: Մի քանի ամիս առաջ, երբ փոփոխությունների հայեցակարգը ներկայացվեց, դրա անհրաժեշտության օգտին հնչող փաստարկներից մեկն իր մեջ պարունակում էր հիշեցում, որ ԼՂՀ Գերագույն Խորհրդի 1992թ․ հունվարի 6-ին ընդունած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը նպատակ ուներ հայ ազգաբնակչությանը պաշտպանել ցեղասպանությունից և կայուն խաղաղություն հաստատել հայերի ու ադրբեջանցիների միջև:
Սակայն տարիները ցույց տվեցին, որ ԼՂՀ գործող սահմանադրությունը ամբողջությամբ չի իրացրել այդ նպատակը, որովհետև «ներդված հանրային կառավարման համակարգը անտեսել է հակամարտության արդյունքում բոլոր տուժածների համար մարդու իրավունքների՝ առանց խտրականության լիարժեք իրացման անհրաժեշտությունը, ինչն էլ իր հերթին առիթ ստեղծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջազգային հանրությունը կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնիշխանության դերը»: Նախօրեին ԼՂՀ նախագահ
Բակո Սահակյանը հավանություն տվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
Ինչպես և նախորդ տարի Հայաստանում, երբ նմանատիպ գործընթաց էր ընթանում, այնպես էլ այսօր Ստեփանակերտում բոլորը չէ, որ կողմ են նման փոփոխություններին՝ նշելով, որ պատերազմող երկրի համար դա ժամանակավրեպ է, ինչպես նաև որոշակի խնդիրներ է առաջ քաշում պետականության համար: Նման կարծիք հայտնողների թվում է նաև ԼՂՀ Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ
Հայկ Խանումյանը: Վերջինիս կարծիքով՝ այսպես կոչված բարեփոխումների հիմնական նպատակն իշխանության վերարտադրությունն է, և փաստաթղթում առկա բազմաթիվ դրույթներ դրա լայն հնարավորությունն ընձեռում են:
VERELQ-ի հետ զրույցում պատգամավորը նախ նշեց, որ հիշյալ գործընթացի հենց սկզբից իրենց կուսակցությունը ընդդիմադիր է եղել դրան և այսօր էլ, ապրիլյան պատերազմից հետո հատկապես, գտնում են, որ փոփոխությունների անհրաժեշտություն ամենևին էլ չկա: Նրա խոսքով՝ Արցախի պես երկրներում, որտեղ ժողովրդավարական կառույցները բավականին թույլ են զարգացած, իսկ որոշ կարևոր բաղադրիչներ ուղղակի բացակայում են, սահմանադրական փոփոխությունները սովորաբար արվում են գործող իշխանության վերարտադրության համար.
«Մեր կուսակցությունն ի սկզբանե այդ մտավախությունն ունեցել է և եթե այս գործընթացն իրականություն դառնա, ապա մենք կունենանք Արցախի պատմության մեջ ամենախայտառակ ժամանակաշրջանը»,- նշեց Խանումյանը:
Վերջինս նկատեց, որ ապրիլյան իրադարձությունները որոշակի սրբագրումներ իրականացրել են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, քանի որ եթե գործընթացի մեկնարկին քաղաքական խոշոր ուժերը կողմ էին երկրի խորհրդարանական կառավարման մոդելին, ապա ապրիլյան դեպքերից հետո անակնկալ կերպով առաջնային դարձավ նախագահական մոդելը:
«Եվ ահա, ներկայացված հայեցակարգում Լեռնային Ղարաբաղի ապագա կառավարման համակարգը, ի տարբերություն ներկայիս կիսանախագահական մոդելի, նախագահական է: Բայց, կրկնում եմ, էականը ոչ թե դա է, այլ այն, որ փաստաթղթի անցումային դրույթները լուրջ ճեղքեր են ստեղծում իշխանության վերարտադրության համար: Սա է մեր գլխավոր մտավախությունը»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
Մինչդեռ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր
Վահրամ Աթանեսյանն այն կարծիքին է, որ հատկապես հաշվի առնելով, Արցախն այսօր պատերազմի մեջ է, սահմանադրական բարեփոխումներն ուղղակի անհրաժեշտություն են դառնում:
«Անկախ նրանից՝ երկիրը պատերազմող է, թե ոչ, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կա, իսկ այսօր, երբ անընդհատ խոսվում է տարածքների վերադարձի մասին, սա իսկապես շատ կարևոր գործընթաց է: Որևէ երկրի սահմանադրություն իր տարածքները չի նշում անցումային դրույթների շատ հեղհեղուկ ձևակերպմամբ և գոնե այդ բացը լրացնելու համար սահմանադրական այդ փոփոխությունների կարիքն ունենք: Դա կբերի նրան, որ հստակ կամրագրվի, թե որոնք են մեր երկրի սահմանները»,- նշեց նա: Քաղաքական գործչի խոսքով՝ դա առաջնային և ամենագլխավոր փաստարկներից մեկն է, որ խոսում է փոփոխությունների անհրաժեշտության օգտին:
Վահրամ Աթանեսյանն, այդուհանդերձ, մեկ վերապահում ունի՝ նախագահական մոդելին անցումը: Նախկին պատգամավորի կարծիքով, երկիրը պետք է անցում կատարեր խորհրդարանական կառավարման մոդելին: Իսկ մնացած բոլոր առումներով սահմանադրական համակարգը, ըստ նրա, պետք է կատարելագործվի, որպեսզի դրա շրջանակում լուծում ստանան պաշտպանության, միջազգային պայմանագիր կնքել-չկնքելու հետ կապված հարցերը, որոնք կարող են Արցախի առջև ծառանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Կամ՝ հանրաքվեի անցկացման հարցը, թե ո՞վ է որոշելու Ադրբեջանի հետ սահմանները, սովորական , թե միջպետական պայմանագրով է դա արվելու և այլն:
«Այս կարևորագույն հարցերի կոմպլեքսն է, որ պետք է պատասխաններ ստանա սահմանադրական փոփոխություններով, քանի որ գործող սահմանադրությունը դրա հնարավորությունը, դժբախտաբար, չունի: Այսինքն, ակտիվ շրջանառվող այն խոսակցությունների ֆոնին, թե տարածքներ են զիջվելու և այլն, այս փոփոխությունները, կարծում եմ, ճիշտ ժամանակին են արվելու: Ի վերջո, այսօր տարածքների հարցը ինչպե՞ս է ձևակերպված: Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշտումը հանրային իշխանությունը իրականացնում է փաստացի տարածքում՝ փաստացի սահմաններով: Մեկն ասում է, թե ազատագրված տարածքները սահմանադրությամբ ամրագրված են, մյուսն ասում են, որ ամրագրված չեն, որովհետև այնտեղ խոսքը պետական տարածքի մասին է, իսկ Լեռնային Ղարաբաղը անկախություն է հռչակել նախկին ԼՂԻՄ + Շահումյանի շրջանով: Այսօր, երբ գնում ենք սահմանադրական բարեփոխումների, պետք է հստակ ամրագրենք, թե ո՞րն է ԼՂՀ-ն, ի՞նչ սահմաններ ունի, ի՞նչ վարչատարածքային միավորներից է բաղկացած, արդյո՞ք սահմանադրության մեջ ամրագրելու ենք Քաշաթաղի շրջան, Ակնայի շրջան, Քարվաճառի շրջան... այս հարցերի պատասխանը պետք է տա սահմանադրությունը»,- հավելեց նա:
Նշենք, որ ավելի վաղ ԼՂՀ ԱԺ նախագահ, ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ
Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կնշանակվի գործող սահմանադրությամբ նախատեսված կարգով՝ նախագիծը պատրաստ լինելու դեպքում:
Արդյո՞ք կառավարման համակարգերի փոփոխությունը չի ազդի ՀՀ-ԼՂՀ համագործակցության վրա, քանզի Հայաստանն այլևս խորհրդարանական կառավարման երկիր է, իսկ Ղարաբաղը հնարավոր է անցնի նախագահական կառավարման համակարգին: Հայաստանը, չմոռանանք, հանդիսանում է ԼՂՀ անվտանգության երաշխավորը:
VERELQ-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
Գևորգ Դանիելյանը նշեց, որ այդ հարցը հաճախ հնչում է նաև այլ ասպեկտներով, օրինակ՝ ինչպե՞ս կարող է խորհրդարանական կառավարման ձև ընտրած պետությունն անարգել համագործակցել նախագահական կառավարման ձև ունեցող այն պետությունների հետ, որոնք ՀՀ մասնակցությամբ կազմավորել են միջազգային կազմակերպություն: Մասնավորապես, նույն հարցը հնչում էր՝ կապված ԵԱՏՄ-ի հետ փոխհարաբերության կտրվածքով, քանզի Հայաստանից բացի՝ ԵԱՏՄ բոլոր երկրները նախապատվությունըտվել են նախագահական կառավարման ձևին՝ իր որոշ մոդելներով:
Մինչդեռ, շեշտեց Դանիելյանը, կառավարման ձևը չի կարող խոչընդոտել և գործնականում չի էլ խոչընդոտում պետությունների համագործակցությանը, քանի որ կոնկրետ հարցերի շուրջ բանակցություններ վարելիս մասնակցում են համապատասխան իրավասություն ունեցող անձինք՝ անկախ իրենց պաշտոնից, ըստ այդմ էլ՝ մի կողմին կարող է ներկայացնել երկրի նախագահը, մեկ այլ կողմին՝ վարչապետը:
«Հարցադրման ասպեկտը մի փոքր այլ է Հայաստանի և Արցախի պարագայում, որոնք, ըստ էության, հանդիսանում են կուսակցական ապօրինի որոշումների արդյունքում միևնույն պետության պատմական տարածքներում ձևավորված և միևնույն ազգը ներկայացնող ինքնուրույն պետություններ: Այն վերապահումով, որ Արցախի միջազգային իրավական կարգավիճակը դեռևս բանակցային փուլում է, Արցախը հանդիսանում է չճանաչված պետություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Այսպիսով, մինչև Արցախի միջազգային իրավական կարգավիճակի հստակեցումը, վերջինս ի զորու է հանրաքվեի ճանապարհով ընտրելու անվտանգության, սոցիալ-քաղաքական ու իրավական նախադրյալներին համահունչ կառավարման ձև, ինչը բնավ չի խոչընդոտում ոչ միայն Հայաստանի հետ համագործակցությանը, այլև դրանց հետագա միավորմանը: Բնականաբար, միավորման դեպքում կգործի մեկ միասնական իրավական համակարգ»,- նշեց նա:
Այս փուլում, շարունակեց մեր զրուցակիցը, նույնիսկ խրախուսելի է, որ Արցախը կարողանում է դրսևորել ինքնատիպ մոտեցումներ ինչպես սեփական իրավական համակարգի զարգացման, այնպես էլ հասարակական-քաղաքական մշակույթի մյուս ոլորտներում: Սա ևս վառ ապացույց է, որ Արցախը չի «արտատպում» Հայաստանի օրենսդրական ակտերը, այլ հաջողությամբ փորձում է կայացնել իր սեփական իրավաստեղծ գործունեությունը:
«Նախագահական կառավարման ձև ընտրելիս, Արցախի իրավագետներն ու քաղաքագետները բնավ տուրք չեն տվել կառավարման այդ ձևի դասական մոդելին, այլ նախապատվությունը տվել են այնպիսի համակարգի, երբ իշխանության ճյուղերը ձեռք են բերում միմյանց հակազդելու լրջագույն լծակներ, իսկ միմյանց նկատմամբ սահմանափակումներ կիրառելի, հարկադրված են «աչքի առաջ» ունենալ նաև հենց իրենց նկատմամբ արդեն իրավունքի ուժով սահմանափակումներ կիրառելու հեռանկարը: Մասնավորապես, խորհրդարանին ցրելու նախաձեռնությամբ հանդես գալիս, Նախագահը հարկադրված է լինելու դադարեցնել նաև իր լիազորությունները և այլն»,- թվարկեց Դանիելյանը:
Իսկ վերջում մեր զրուցակիցը, կարևորելով սահմանադրական փոփոխությունները, հավելեց, որ ազատագրված տարածքների առնչությամբ Ադրբեջանի իրավազորությունն անգամ իրենց հիմնական օրենքով ու այլ իրավական ակտերով ամրագրված չէ.
«Մասնավորաապես, նրանց սահմանադրությունը մանրամասն կարգավորում է Նախիջևանի կարգավիճակին, հանրային իշխանության մարմիններին առնչվող հարաբերությունները, ինչը, սակայն, բացակայում է հիշյալ տարածքների առնչությամբ»:
Պատրաստեց Լիա Խոջոյանը