VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության սկզբից ի վեր Հայաստանում մի քանի անհատներ ու կազմակերպություններ հայտարարել են ՌԴ ԶՈւ կազմում այդ գործողությանը մասնակցելու պատրաստակամության մասին: Սակայն միակ կառույցը, որն իր որոշմանը տվել է պաշտոնական ընթացք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է՝ վերջինիս ղեկավար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, որը նաև «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատարն է: Հիշեցնենք, որ այս ջոկատն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին: Հիմա ջոկատը պատրաստ է մեկնել Դոնբաս և, ինչպես կուսակցության հայտարարության մեջ է նշվում, «Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի կազմում կռվել ՆԱՏՕական արևմուտքի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի թշնամի Ադրբեջանին պաշտոնապես ռազմատնտեսական ու բարոյական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի նացիստական իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին»: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրեր առաջ պաշտոնական նամակը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Թե ինչ պատասխան են ստացել, երեկ մեզ ճշտել չհաջողվեց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենաբաց ու թափանցիկ» իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած կառավարության նիստերի օրակարգի հարցերի մեծ մասը, ինչպես հայտնի է, դարձրել է չզեկուցվող կամ գաղտնի։ Պարզ ասած՝ նա հարկ չի համարում հանրության աչքի առաջ քննարկման առարկա դարձնել բազում հարցեր, այն պարագայում, երբ իշխանության գալու շրջանում հայտարարում էր, թե ոչինչ գաղտնի չի մնա, իսկ ավելի ուշ ասում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, եւ նրանք կարող են կառավարության դուռը ոտքով բացել։ Մինչդեռ վերջին շրջանում ամեն ինչ գաղտնագրել են՝ նիստերի օրակարգն անգամ չեն տեղադրում գործադիրի կայքում, ինչպես արվում էր միշտ, անգամ նախկինների ժամանակ։ Կառավարության՝ ամեն հինգշաբթի նախատեսված նիստերից մի քանի օր առաջ, ամենաուշը երեքշաբթի օրը, կայքում հայտնվում էր առաջիկա նիստում քննարկվելիք օրակարգը։ Երեկ աշխատանքային օրվա ավարտին անգամ կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգը չէր տեղադրվել։ Այս առումով առավել եւս զավեշտական է, երբ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է հետաքրքիր եւ երկարատեւ լինել: Բանն այն է, որ խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թվականի կատարողականը, ընդ որում՝ դա պետք է արվի ոլորտ առ ոլորտ, ինչպես այժմ քննարկվում է մշտական հանձնաժողովներում: Դա ենթադրում է, որ կառավարության անդամները պետք է ներկայանան, ներկայացնեն իրենց կատարողականը եւ պատասխանեն պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախարարներին զգուշացված է՝ ինչ հանդիպումներ եւ քննարկումներ են առկա, կազմակերպել այնպես, որ կարողանան ներկա գտնվել այդ օրերին եւ չարժանանան ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ առաջին օրն անձամբ կներկայանա եւ զեկույցով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կպատասխանի նաեւ պատգամավորների հարցերին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային թեմաները կապված են իշխանությունների սիրելի հարցերի՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների հետ։ Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ում խոսակցություններ կան, որ մինչև ապրիլ ձևավորվելու է հայ-ադրբեջանական պայմանագրի հետ կապված փորձագիտական աշխատանքային խումբ։ Զուգահեռաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, լավ իմանալով սեփական «կադրերին»՝ նորանոր «լյապերից» խուսափելու նպատակով քաղաքական որոշում է կայացվել, որ վերը նշված թեմաների հետ կապված պետք է խոսեն բացառապես թեմային քիչ թե շատ տեղյակ անձինք։ Այսպիսով, իշխանությունները խստագույնս արգելել են հատկապես իրենց պատգամավորներին որևէ մեկնաբանություն և կարծիք հայտնել «հայ-թուրքական» և «հայ-ադրբեջանական» գործընթացների վերաբերյալ։ Նշյալ թեմաներով արտահայտվելու իրավունք են ստացել ընդամենը 2-3 պատգամավոր։ Մնացածներին ասված է՝ քիթներդ չմտցնեք այսպիսի «նուրբ» հարցերի մեջ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչքան անհամերաշխ ու մասնատված են իշխանության մեջ գտնվողները՝ իրար հանդեպ թշնամաբար տրամադրված, ինտրիգներ հյուսող, նույնքան անհամերաշխ ու մասնատված են նաեւ ընդդիմադիրները, հատկապես՝ ԱԺ ընդդիմությունը։ Ընդ որում, հակասություններ կան ոչ միայն երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ, այլեւ խմբակցությունների ներսում։ Հատկապես պառակտված է ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Հայաստան» դաշինքը, որտեղ մի շարք թեւեր են առաջացել, լիքը դժգոհություններ կուտակվել։ Մի մասը դժգոհ է իրենց պասիվությունից ու կրավորականությունից։ Մյուսները դժգոհ են առաջնորդից, որը չի կառավարում թիմին։ Երրորդները դժգոհ են խմբակցության ղեկավարից։ Եվ բոլորով սպասում են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին, որի ելքից է նաեւ կախված Հայաստանի ճակատագիրը։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի պես՝ ձեր խմբակցությունում շատե՞րդ եք կողմ, որ քննարկվի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հարցը՝ հարցրինք ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Իհարկե, ընդունելի չէ այդ մոտեցումը, բայց ես կարծում եմ, որ Աղաջանյանը դա նկատի չի ունեցել, ինքը նկատի է ունեցել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը եւ տարածքային ամբողջականության հարցը չպետք է խառնենք իրար»։ Այսինքն, նկատի է ունեցել, որ Արցախի ժողովուրդը կարող է Ադրբեջանի կազմո՞ւմ էլ անկախ ապրել։ «Եթե տրամաբանում ես, շատ դժվար կլինի Ադրբեջանի հետ քննարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը՝ առանց իրար հետ նորմալ հարաբերություններ ունենալու, այստեղ է ողջ տրամաբանությունը»։ Դրա համա՞ր եք ուզում ադրբեջանցիների հետ բարեկամանալ՝ հույս ունենալով, որ կճանաչեն Արցախի անկախությունը։ «Ոչ թե բարեկամանանք, այլ նորմալ հարաբերություններ ստեղծենք»։ Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին, որ Ադրբեջանի տարածքում արցախցին կարող է ապրել, եւ կարող է ճանաչեն Արցախի անկախությունը։ «Իհարկե։ Աղաջանյանն էլ դա է նկատի ունեցել»։ Մեր տեղեկություններով, չնայած արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ողջ բնակչության անունից հավաստիացնում էր, թե կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն, սակայն անգամ Ադրբեջանի առաջարկած՝ նախապայման հանդիսացող հինգ կետերը ՔՊ խմբակցությունում չեն քննարկել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է Արցախում, գնահատվում է որպես հումանիտար ճգնաժամ կամ հումանիտար աղետ: Միևնույն ժամանակ, տպավորություն կա, որ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում, ավելին՝ նրանց, կարծես, առանձնապես չի էլ մտահոգում ստեղծված վիճակը: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստ» թերթի հետ զրույցում ասում է, թե արցախի իշխանավորներից շատերն այս ծանր շրջանում ՀՀ-ում են, ներկայացնում են, թե ինչ-որ աշխատանք են տանում, մինչդեռ անգամ չնչին աշխատանքը տեսանելի կլիներ այսօրվա իրավիճակում: «Արցախում այնպիսի ծանր վիճակ է, որ յուրաքանչյուր փոքր տեղաշարժ շատ մեծ տեսանելիություն կունենար: Մեծ հաշվով, ՀՀ իշխանությունների հետ համատեղ որևէ գործողություն չի արվում, արձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից: Անընդհատ զանգում են, մի քանիսը եղել են Արցախում: Առաջիկա օրերին ևս պատրաստվում են գալ Արցախ, պարզապես մեր կողքին լինել, որովհետև ՀՀ-ում, կարծես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ըստ էության, թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր թևն իր հնարավորություններն օգտագործի, և ինչ-որ դրական տեղաշարժ ունենանք: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ընդհանուր առմամբ, իրականում չի կարող լինել այնպես, որ ի վնաս Արցախի, ՀՀ-ի ու հայության պաշտոնական հայտարարություններ անեն, բայց ներքին կարգով դրական աշխատանքներ տարվեն: Իսկ լուռ ինչ-որ գործ անելու արդարացումները չստացված ստախոս լինելու տրամաբանության մեջ են: Իրենք, մեղմ ասած, խաբում են և խաբում են բոլորին»: Այսուհանդերձ, պատգամավորը հավաստում է, որ արցախցին իր հայրենիքում մնալու առումով ավելի ու ավելի հաստատակամ է: «Անկախ ամեն ինչից՝ արցախցին, առավել ևս հիմա, կպած է իր հողին ու չի պատրաստվում լքել հայրենիքը: Չենք պատրաստվում որևէ կերպ լքել Արցախը, փախչել Արցախից, մեր հայրենիքը զիջել թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամուն»,- ասաց Հակոբյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղի կանայք եւ երեխաները երեկ էլ գյուղ չեն վերադարձել` վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ, քանի որ անվտանգությունն ապահովված չէ։ Արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ Ցերեկը Խրամորթ են այցելել նաեւ Արցախի մի խումբ պատգամավորներ՝ աջակցություն հայտնելու խրամորթցիներին։ Նրանցից մեկը մեզ փոխանցեց, որ խրամորթցի տղամարդկանց տրամադրությունը երեկ ավելի մարտական էր, քան նախորդ օրերին։ «Կանանց, երեխաների առկայությունը կաշկանդում էր որոշ գործողությունների համար»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք եւ երեխաները։ Թե երբ կվերադառնան նրանք գյուղ, երեկվա դրությամբ պարզ չէր։ Բանն այն է, որ ադրբեջանցիների դիրքային առավելությունը խրամորթցիներին դրել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ, եւ բարձունքի վրա գտնվելով՝ ադրբեջանցիները թիրախավորված կրակում են գյուղի վրա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր« ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի գույքը եւս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աμրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա եւս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան: Դատարանը բավարարել է Գեւորգյանի հայցը եւ քննիչին պարտավորեցրել վերացնել Գեւորգյանի իրավունքների խախտումները: Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աμրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գեւորգյանի գույքը եւս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աμրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել: Ի պատասխան Կոմիտեից հայտնեցին. «Գործը նախաքննության փուլում է, եւ այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը գումար կստանան պետությունից: Մասնավորապես, գումար ստանալու այս կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները երեք տոկոսից ավելի են հավաքել: Ըստ այդմ, մեկ տարվա համար 268 մլն դրամ է ստանում ՔՊ-ն, 38 մլն. «Հանրապետություն» կուսակցությունը, 50 մլն. ԲՀԿ-ն եւ 163 մլն. «Հայաստան» դաշինքը: Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի, դրա կապակցությամբ արտադրողների կողմից դիրքորոշումների ներկայացման, ոլորտում խնդիրների առաջացումը կանխարգելելու առաջարկությունների ներկայացման վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա են լինելու ձու արտադրողներ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչներ: Տեղեկացնենք, որ Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն էին, որոնց չէին դիմանում փոքր տնտեսվարողները: Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է, որը ձու էր հանել վաճառքի ինքնարժեքից էժան: Այս ընկերությունը տեւական ժամանակ ձվի շուկայում գնային տատանումներ էր առաջացնում, ինչի հետեւանքով տուժում էին փոքր եւ միջին տնտեսվարողները: Օրինակ՝ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան այս ամենի հետեւանքով փակման եզրին է: Նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը ժամանակներ առաջ ձվի շուկայում արհեստական գնիջեցում էր առաջացրել, այժմ՝ Սուրբ Զատիկին ընդառաջ, բարձրացնում է հավկիթի գները միանգամից միջինը 30 դրամով: Եւ չի բացառվում՝ նաեւ Զատիկին էլի ձվի դեֆիցիտ լինի այս տարի, ինչպես եղավ նախորդ տարի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված է նաև Շրջակա միջավայրի նախարարությունը: Դրա ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Նախատեսվում է իրականացնել աղբավայրերի մոնիթորինգ, ինչը կնպաստի դրանց վնասակար ազդեցության նվազեցմանը։ Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, հակառակը, ինչպես ակնկալում է նախագիծը ներկայացնող մարմինը, պետբյուջեում եկամուտների էական ավելացում կլինի։ Մասնավորաբար, կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախախտումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը: Հաջորդիվ` նախագծով աղբավայրը շահագործողների համար սահմանվում է նաև պատասխանատվության միջոց, որը կիրառվելու է աղբավայրի տարածքում կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար: Նախատեսվում է նաև օրենսգիրքը լրացնել 43.2. հոդվածով և նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին: Միաժամանակ առաջարկվել է համապատասխան մեխանիզմներ մշակել համայնքում աղբակույտեր առաջանալու դեպքում համայնքի ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու և օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված իրավախախտման հայտնաբերման այլընտրանքային միջոցներ նախատեսելու համար։