22.11.2024
Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչ հատուկ միջոցներ է կիրառել Սարի թաղում
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ: Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ղեկավարի պաշտոնական կայքից, իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը, դատական իշխանության և տեղական ինքնակառավարման համակարգերի կատարելագործմանը, անմիջական ժողովրդավարության ինստիտուտի հետևողական զարգացմանը:

Բակո Սահակյանը նշել է, որ հանձնաժողովը կատարել է ծավալուն աշխատանք ու բազմակողմանի ուսումնասիրություններ, կազմակերպել է հանրային քննարկումներ, հաշվի է առնվել սահմանադրական բարեփոխումների իրականացման՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ տարբեր զարգացած երկրների փորձը, եւ արդյունքում, ներկայացվել է առաջարկ, որի հիմքում ընկած է նախագահական կառավարման համակարգը:

«Հաշվի առնելով հանձնաժողովի տեսակետը, քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումը, մեր տեղեկացված լինելը բնակչության մեծամասնության կարծիքին, որն արտահայտվել է նաև վերջերս անցկացված սոցիալական հարցումների արդյունքում՝ ես ընդունում եմ առաջարկվող տարբերակը ու հավանություն եմ տալիս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և հանձնարարում եմ հանձնաժողովին` մշակել ու սահմանված ժամկետում ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը»,-ընդգծել է նա: