Սարգսյան. «Պատերազմին պատրաստ լինելով՝ մենք ձգտում ենք խաղաղության»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում աշխարհի երրորդ ամենամեծ բնակչությամբ և Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպում է ունեցել Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինին և նահանգային իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու, ինչպես նաև Սան Պաուլո քաղաքի «Արմենիա» հրապարակում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու համար: ՀՀ Նախագահը և Սան Պաուլոյի նահանգապետ Ժերալդո Ալքմինը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները: Հատկապես անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների և գիտական նորարարության ծրագրերի շուրջ փոխգործակցության հեռանկարներին:
Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահը և նահանգապետ Ալքմինը հանդիպել են Սան Պաուլոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ընդունելություն էին կազմակերպել նահանգապետարանում` ի պատիվ Հայաստանի նախագահի:
Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել համայնքի դերը հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ Բրազիլիայում շատերը հենց նրանց շնորհիվ են ճանաչում հայ ժողովրդին ու նրա հազարամյա ժառանգությունը:
Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, նախագահի խոսքով, հայությունն առավել քան երբևէ, համախմբվեց, մեկտեղեց ուժերն ու միասնական ոգով կարողացանք աշխարհին ապացուցել, որ անհողդողդ է հայի կամքը, հաստատակամ նրա պայքարը՝ հանուն արդարության հաստատման, հանուն ցեղասպանություն հանցագործության դատապարտման։ Պայքարը, նշում է Սարգսյանը, շարունակական է, քանի դեռ աշխարհի որևէ ծայրում մարդկանց բնաջնջում են խմբային պատկանելության պատճառով միայն: «Աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ինչպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն», - ասել է նա:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ 28 տարի առաջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ Արցախին սատարելու, Արցախն ազատագրելու համար: «Արցախյան գոյամարտը մեր ազգային վերածննդի և միասնականության ևս մեկ դրսևորում էր, որ սկիզբ դրեց մեր պետականության վերականգնմանը։ Ամիսներ առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններով կոպտորեն խախտեց զինադադարի պայմանագիրը, կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ, բայց մեծ կորուստներ կրելով՝ ստիպված կանգ առավ ու դադարեցրեց գործողությունները: Քառօրյա այս պատերազմը մեր միասնականության յուրատեսակ մի քննություն էր, որ մենք պատվով հաղթահարեցինք: Այդ ընթացքում ոտքի կանգնեց ողջ հայ ազգը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում, դարձավ մեկ բռունցք: Եվ մենք հավատացինք, որ աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ սասանել մեր միասնականությունը», - ասաց նա:
ԼՂ հիմնախնդրի հայկական ընկալումը նկարագրելով՝ Սերժ Սարգսյանը հղում է կատարել հայտնի ասույքին. «Պատերազմին պատրաստ լինելով՝ մենք ձգտում ենք խաղաղության»: «Հայաստանը հաստատակամ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջն իրացնելու վճռականությամբ», - նշել է նա:
Այս տարի, ասել է Սարգսյանը, մեծ հանդիսավորությամբ նշվելու է հայկական երկու անկախ պետությունների 25-ամյակը: «25 տարին քառորդ դար է՝ ուղիղ մեկ սերունդ: Իսկ այս շրջանի մեր ձեռքբերումներից լավագույնը ես համարում եմ ազատ մտածող, ազատությունն արժևորող, հպարտ ու ըմբոստ, հաճախ էլ նաև ինձ ընդդիմացող սերունդը: Քառորդ դարը բավական ժամանակ է. ուստի եկել է մեր անցած ճանապարհը վերարժևորելու պահը: Ձեռքբերումներով լի այս 25 տարիների ընթացքում ունեցել ենք նաև, անշուշտ, կորուստներ, դրանց կողքին՝ նվաճումներ, հաղթանակներ, դարձել ենք միջազգային հանրության լիիրավ անդամ», - ասել է նա:
Այսօր Հայաստանը թևակոխել է նոր շրջան, զարգացման նոր փուլ: «Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ ու կայուն զարգացման ճանապարհը: Այն արտացոլում է ապագայի մասին մեր տեսլականը, պատկերացումներն ու մոտեցումները՝ ուղղված ժողովրդավար, ամուր, բարեկեցիկ ու ապահով պետություն կառուցելուն: Նոր Սահմանադրությունը դառնալու է այն հիմքը, որի վրա խարսխվելու են հետագա բարեփոխումները՝ նոր սերնդի Հայաստանը: Քսանհինգամյա անկախությամբ ամրացած` մենք այսօր հավատով ենք առաջ նայում ու առաջ գնում ավելի վստահ քայլերով»,-ասել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև անցած 25 տարիներին մեր երկրում իրականացված բարեփոխումների, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման մասին և նշել, որ Հայաստանում պատրաստ են քննարկել հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, նոր գաղափարներն ու ստեղծարար առաջարկները, դրանք կենսագործելու համար ստեղծել հնարավորություններ ու պատշաճ պայմաններ: Հանրապետության Նախագահը կարևորել և ավելի արդիական է համարել 25 տարի անց խոսել ոչ թե օգնության, այլ փոխշահավետ համագործակցության մասին: