Սմենաճիշտն է. Վահագն Խաչատուրյանը` Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Երևանի պահվածքի մասին
Հայաստանի նախագահ ընտրված Վահագան Խաչատուրյանը ճիշտ է համարում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ:
«Այն կեցվածքը և հայտարարությունները, որոնք արվում են Հայաստանի իշխանությունների կողմից, դա ամենաճիշտն է։ Մենք բոլորս պիտի հուսանք և հնարավորինս ամեն ինչ անենք, որ մեկ օր առաջ պատերազմն ավարտվի։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է դա նշանակում, մեր մաշկի վրա դա զգացել ենք»,- կառավարության մարտի 10-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը։
Ուկրաինայում պատերազմը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ըստ Խաչատուրյանի, տնտեսական լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ է ստեղծում, որոնց հետևանքները կարող են անկանկատեսելի լինել։
«Ոչ մի լավագույն տնտեսագիտական վերլուծություն կամ վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը կարող է հայտնվել այսպիսի լուրջ սահմանափակումների մեջ։ Եվ դրանից բխող հետևանքները մենք կանխատեսել մասամբ կարող ենք, բայց ամբողջապես չէ», - նկատել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով, Հայաստանը պետք է պատրաստի իր ֆինանսա-տնտեսական համակարգը ստեղծված կիրավիճակում իր քաղաքացիներին սպասարկելու համար: «Ինչպես նաև այն մարդկանց, ովքեր Հայաստան են ժամանել ու այստեղ ցանկանում են տնտեսական գործունեություն կազմակերպել։ Նորից եմ կրկնում՝ տնտեսագիտական ոչ մի չափանիշների մեջ չի մտնում այսօրվա ստեղծված իրավիճակը», - ասաց նա։