25.11.2024
Փաշինյանը հայտնել է ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա» Հայաստանի մուտքի մասին
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներին

Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներին՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։


Կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեցին ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների և արձանագրած արդյունքների վերաբերյալ, անդրադարձ կատարեցին ՀՅԴ հետագա գործունեության առաջնահերթություններին և առաջիկա անելիքներին։


Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին շնորհավորեց Բյուրոյի կազմում ընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և առկա ճգնաժամի հաղթահարմանը, ազգային ոգու բարձրացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի զորացմանն ուղղված ջանքերը։


Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը և ՀՅԴ Բյուրոյի անդամները քննարկեցին հայրենական կյանքն ու աշխարհասփյուռ ժողովրդին հուզող հիմնախնդիրները, ընդգծեցին համազգային միասնականության ամրապնդման անհրաժեշտությունը։ Առկա խնդիրների դիմագրավման գործում կարևորվեց Հայոց Եկեղեցու ազգաշահ առաքելությունը։