Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»: Այդ մասին կառավարության մարտի 10-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Varieties of Democracy ինստիտուտի 2022 թվականի ժողովրդավարության զեկույցը, որում, Փաշինյանի բնորոշմամբ, շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար։
Ըստ Փաշինյանի, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ բնորոշվում է որպես «ընտրական ժողովրդավարություն»։
«Սա նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել», - ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ նույնիսկ 2018 թվականի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր:
Ընտրական ավտորիտար համակարգի իմաստը, ինչպես նկատեց Փաշինյանը, հետևյալն է` կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար։
Իսկ նոր բնորոշումը, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ ընտրությունն իշխանության ձևավորման գործիք է։
Կարող ենք արձանագրել, որ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով ՀՀ-ն մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանում ժողովրդավարությունն անթերի չէ, պարզապես տարբեր դրվագների «հանրագումարով մենք ստացել ենք այսպիսի դասակարգում, ինչը, կարծում եմ, հիշատակության արժանի է»։