22.11.2024
Պատրաստ եմ աջակցել Ձեզ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
prev Նախորդ նորություն

Եվս մեկ գարնանային պրեմիերա. հայ-կիպրական «Վերադարձ» ֆիլմը էկրաններ կբարձրանա

Մարտի 7-ին Երեւանում մեծ էկրաններ կբարձրանա հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմը՝ նկարահանված իրական պատմության հիման վրա:

Ֆիլմը պատմում է  հայրենիքից հեռու ապրող հայ երիտասարդի մասին, որին սերը դեպի հայրենիք ու սիրած աղջիկը ստիպում են գնալ անձնազոհության և կյանքը վտանգելով` իսլամական ահաբեկիչների գերությունից փրկել սիրիահայ ընտանիքի:

Պատմության հիմքում երկու ճակատագրերի զուգահեռ զարգացումն է. մի հերոսը՝ կիպրոսաբնակ հայ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը խաղում է ինքն իրեն, անգամ անունն է նույնը: 24-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել առաջնագծում, մինչեւ զինվորական կյանքը հասցրել է հայտնվել հունական «Ձայնը» նախագծի եզրափակչում, ապա նույն նախագծի ռուսական տարբերակի կիսաեզրափակչում: Ֆիլմի գաղափարը Յուրիինն է, սցենարի հեղինակ՝ Հարություն Ղուկասյան, ռեժիսոր՝ Արման Գեւորգյան, օպերատորն է Արման Աբովյանը։ Գլխավոր պրոդյուսերը Ալեքս Լիտմանն է: Ֆիլմի երաժշտության հեղինակը Յուրի Մելիքովն է։

Յուրին ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքով տեղափոխվել են Կիպրոս: Հայաստանում երբեք չի ապրել, բայց հայրենիքի հետ կապ միշտ եղել է:

«Սա իմ առաջին դեբյուտային դերն է, այն էլ` գլխավոր: Ես մասնագիտությամբ երաժիշտ եմ, երգիչ: Դերասանական կրթության բացը լրացնում եմ վարպետության դասընթացներին մասնակցելով: Իսկ այս ֆիլմը մելոդրամ է՝ սիրո, հայրենիքի, կարոտի, բարության մասին»,- պատմում է երգիչը:

Փոքր տարիքում Յուրին մասնակցել է հունական «Ձայնը» նախագծին եւ, նրա խոսքով, այդ տարիներից հասցրել է բախվել մարդկային բարությանն ու չարությանը, իսկ այս ֆիլմը միայն իր երաժշտական հաջողությունների մասին չէ:

«Ես այստեղ չեմ խաղում, ուղղակի ցույց եմ տալիս իրականությունը»,-ասում է նա:

Նկարահանումներ տեղի են ունեցել նաև Կիպրոսում, զինվորական հատվածի նկարահանումները իրականացվել է Կիպրոսի ԶՈ –ի հետ համատեղ ու օգնությամբ։

Ֆիլմի մյուս պատմությունը Սիրայի ահաբեկիչներից փրկված ու Հայաստանում հաստատված մի ընտանիքի մասին է:

«Բավականին երկար ենք աշխատել սցենարի վրա։ Այս երկու պատմությունները հատվում են մի կետում»,- ասում է ռեժիսոր Արման Գևորգյանը, պահելով ինտրիգն ու չբացահայտելով, թե ինչ նկատի ունի: Կարևորը, նշում է նա, երկու պատմության հիմքում էլ կան իրական փաստեր, որոնց տրվել են գեղարվեստական լուծումներ: Եվ արդյունքը, բավականին դրամատիկ պատմության տեսքով, արդեն մարտի 7-ին կհանձնվի հայ հանդիսատեսի դատին։

Սյուժետային գծերն անսպասելի հատվում են Կիպրոս-Սիրիա-Հայաստան ճանապարհներին…




«Ֆիլմը նկարելու գաղափարն առաջացավ Յուրիի հայրիկի հետ հանդիպելուց հետո։ Յուրին երգ էր գրել հայերեն լեզվով ու ուզում էր տեսահոլովակ նկարահանվեր։ Բայց զրույցի ընթացքում հասկացանք, որ տեսահոլովակի փոխարեն պետք է ֆիլմ նկարենք՝ հիմնված իրական դեպքերի հիման վրա»,– ասում է սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը։

Ըստ սցենարիստի՝ հայրենիքն ու սերը միահյուսված են միմյանց։ «Հիմնկան ուղերձն այն է, որ կարող ես ապրել հայրենիքից հեռու, բայց արմատներդ միշտ հիշես ու չմոռանաս ով լինելդ»,– շեշտում է նա։

Ֆիլմի ռեժիսոր Արման Գևորգյանն էլ ասում է, որ Յուրին բավականին հայտնի է Կիպրոսում, Ռուսաստանում, բայց ոչ Հայաստանում և ֆիլմը միտում ունի ուղղել նաև դա. «Կարծում եմ՝ ֆիլմից հետո Հայաստանում էլ կիմանան իր մասին և այլ տեսանկյունից կնայեն, կընկալեն ոչ միայն որպես երգիչ, այլև որպես դերասան»։


Արման Գևորգյանը նաև հավելեց, որ Ֆիլմը շատ բարի էնեգետիկա ունի և հույսի շող արթանացնող է։ 

Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Արսեն Լեւոնյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Սարգիս Գրիգորյանը: