Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն Ուկրաինայում՝ ֆաշիզմի և ազգայնամոլության դեմ Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության:
Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտ են եկել "Россия мы с вами", "Нет нацикам", "No NATO" և նմանատիպ այլ պաստառներով:
Կոմկուսի նախագահ Երջանիկ Ղազարյանը հայտարարեց, որ Ռուսաստանի ոչինչ չէր մնում, քան փրկել իր ժողովրդին ու ազգին ֆաշիզմի ճիրաններից: Նրա խոսքով, տարիներ շարունակ Արևմուտքը փորձել է մի ժողովրդի երկու հատվածներին իրար հետ կռվացնել և միշտ Ուկրաինան օգտագործվել է որպես հարթակ Ռուսաստանի դեմ:
Նա նաև ասաց, որ թեև Ռուսաստանին աջակցում են, բայց Կոմունիստական կուսակցությունը նախևառաջ հայամետ կուսակցություն է, որը նայում է իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ Արևմուտքը՝ կոնկրետ ի դեմս ԱՄՆ-ի, միշտ խաբել է ժողովուրդներին ու պետություններին. այդպես եղել է Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և այլուր: Եվ 2020 թվականի Արցախյան պատերազմի օրերին էլ ո՞վ էր մեր կողքին, հետաքրքրվեց Ղազարյանը: Ճիշտ է, ասաց նա, Ռուսաստանը:
"Իբր Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ի՞նչ է անում: Ամբողջ աշխարհին ցույց է տալիս, թե մտահոգված է, խաղաղացնում է, բայց ինքն իր ընտրության մասին է մտածում... Աստված չանի Ռուսաստանը չհաջողի էս ֆաշիզմի դեմ պայքարում, իսկ ես համոզված եմ, որ հաջողելու է, ֆաշիզմը ոչ միայն կչոքի, այլև արդեն չոքել է եվրոպացիների դուռը",- հայտարարեց Ղազարյանը՝ ավելացնելով, որ ֆաշիզմը հենց իրենցից է դուրս եկել, ծնվել է Եվրոպայում:
Երջանիկ Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ Կոմկուսը սահմանափակվել է միայն այս ակցիայով ու դեռևս այլ ծրագրեր չունեն հարցի շուրջ: