Խորհրդարանը լրացուցիչ նիստ կանցկացնի
Իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության խմբակցության առաջարկով այսօր՝ մարտի 1-ին, հայտարարությունների ժամի ավարտից հետո, Հայաստանի խորհրդարանը կանցկացնի լրացուցիչ նիստ:
Լրացուցիչ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 10–ը, ձեռնպահ՝ 1–ը։
ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նշեց, որ նիստը տեղի կունենա ժամը 18:00-20:00, սակայն եթե հայտարարությունների ժամը 18:00-ից ավելի տեւի, պատգամավորների հայտարարությունների ավարտից անմիջապես հետո լրացուցիչ նիստ կանցկացվի։
Ըստ ամենայնի, իշխող խմբակցությունը ձգտում է ապահովել Աուդիտորական պալատի նախագահի ընտրության հարցի քննարկման ավարտը, որն այսօր սկսվել է, որպեսզի վաղն առավոտից սկսի նախագահի ընտրության շուրջ քննարկումները։
Հիշեցնենք, որ օրակարգում ընդգրկված էր 29 հարց, այդ թվում՝ Հայաստանի նախագահի ընտրության հարցը։ Նախատեսվում է նաեւ ընթացիկ քառօրյայի շրջանակներում ընտրել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։ Օրակարգում երեք միջազգային պայմանագիր կա, ինչպես նաև փոփոխությունների մեկ փաթեթ, որը ներառում է սահմանադրական օրենք։
Երկու օրինագծեր՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքներում փոփոխությունները կդիտարկվեն արագացված ռեժիմով։