Ռոբերտ Քոչարյան vs Նիկոլ Փաշինյան. դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։
Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն ներկայացրեց իր առարկությունները, ինչին ի պատասխան պաշտպանական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը․ հայցադիմումի հիմքը նույնն է։
Ալումյանը կրկին անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ այս գործը ձեռքով է մակագրվել Սերգեյ Սահակյանին։ «Գործի բաշխումը տեղի է ունեցել կամայականորեն, անհասկանալի չափանիշների հիման վրա։ Այս կազմով դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, իսկ դատավարությունն ինքը կասկածի տակ է դրվում», - նշեց պաշտպանը։ Ի պատասխան դատավորը նշեց, որ բացարկ հայտնելու վերաբերյալ դատարանն արդեն իր դիրքորոշումը հայտնել է։
Անցնելով առաջ՝ Ալումյանը նշեց, որ այս գործում որևէ վիճելի փաստ չկա, ներկայացվածին պետք է տրվի իրավական գնահատական։ Սակայն Փաշինյանի նարկայացուցիչը պնդեց, որ ներկայացված փաստերը ենթակա են ապացուցման։
Դատարանը նույնպես վիճելի համարեց այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թ․ մարտի 1-ին Երևան Հայաստանի Հանրապետության հրապարակում իր ելույթով խախտել է Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։
Զրպարտության մասով վիճելի է այն փաստը, որ Փաշինյանը այդ նույն ելույթում Քոչարյանի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ՝ կոնկրետ, ոչ վերացական տեղեկություններ։
Դատարանը որոշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ Փաշինյանը ներկայացրել է փաստացի տվյալներ, որ դրանք ներկայացվել են հրապարակային եղանակով և իրականում արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
Ալումյանն արձագանքեց, որ դատարանը ցուցաբերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ փաստը չտարբերելով փաստի իրավական գնահատականից և հայցվորի վրա փաստերն ապացուցելու պարտականություն է դնում։
Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հնարավորություն տալով հայցվոր կողմին ապացույցներ ներկայացնել։ Նախնական դատական նիստը նշանակվեց ս․ թ․ ապրիլի 13-ին, ժամը 11-ին։