Հայ-թուրքական այսպես կոչված հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի. Իշխան Սաղաթելյան
Այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ ընդհանուր ժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, անտեսելով Թուրքիայի վարած հայատյաց քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության ժխտումը և Արցախի դեմ 44-օրյա պատերազմին ակնհայտ մասնակցությունը, «Շուշիի հռչակագրում» ամրագրված թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական նպատակները, Հայաստանի գործող իշխանությունները տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» հաստատման պատրվակով երկիրը տանում են նոր զիջումների, հղի նոր կորուստներով:
Նա վստահ է, որ Թուրքիան շարունակում է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ իր պահանջները, ինչպես նաև Բաքվի պահանջները առաջ մղելու համար։ «Ուստի, այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի», - եզրափակեց նա: