Հայ ժողովուրդը չպետք է համակերպվի պարտության հետ. Իշխան Սաղաթելյան
Հայաստանը հայտնվել է արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների առաջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ ընդհանուր ժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների և նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության պայմաններում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ուժեղանում են։ Այս նոր իրողություններում հայկական պետության կենսունակությունը մեծապես կախված է լինելու հայ ժողովրդի կամքից ու վճռականությունից, պետության առջև յուրաքանչյուր հայի պատասխանատվությունից: Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Արցախի անվտանգությունն ու գոյությունը փոխկապակցված հարցեր են։
Արցախի դեմ պատերազմում պարտությունը Հայ ժողովրդի պարտություն չէ, դա պետության ղեկին հայտնված մի խումբ անձանց աշխատանքի արդյունքն է։ Նա նշել է, որ հայ ժողովուրդը չպետք է համակերպվի պարտության հետ, այլ պետք է դիմադրություն ձևավորի՝ թշնամուն ցույց տալով, որ հայ ժողովուրդը մտադիր չէ զիջել իր հայրենիքը։ "Մենք պետք է հաղթահարենք պարտվողական տրամադրություններն ու փոքր պետության հոգեբանությունը", - հայտարարել է Սաղաթելյանը: