ՆԱՏՕ-ն որոշել է կյանքի կոչել իր պաշտպանական ծրագիրը, դաշինքն Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագիր չունի։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է EADaily-ն։
«Ուկրաինայի տարածքում չկան ոչ ՆԱՏՕ-ի մարտական ստորաբաժանումներ, ոչ էլ դաշինքի այլ զորամասեր։ Մենք հստակ հասկացրել ենք, որ չունենք ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինա ուղարկելու պլաններ կամ մտադրություններ»,- հայտնել է Յենս Սթոլթենբերգը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց անվտանգության ամուր երաշխիքներ ենք տրամադրում միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։ Այն, ինչ մենք նաև հասկացրել ենք, այն է, որ մենք արդեն ավելացրել և կշարունակենք ավելացնել ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը դաշինքի արևելյան թևում», - շարունակել է Ստոլտենբերգը:
Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան խորհուրդը որոշել է ակտիվացնել դաշինքի պաշտպանական ծրագրերը, ինչն արվել է բարձրագույն ռազմական առաջնորդ գեներալ Թոդ Ուոլթերսի խնդրանքով։ «Սա խելամիտ և պաշտպանական քայլ է այս ճգնաժամի ժամանակ դաշնակիցներին պաշտպանելու համար», - ասել է Սթոլթենբերգը: Նրա խոսքով՝ այդ միջոցները ՆԱՏՕ-ին թույլ կտան ուժեր և ակտիվներ տեղակայել, այդ թվում՝ արագ արձագանքման ուժեր «որտեղ անհրաժեշտ է»: Ինչպես նշել է Սթոլթենբերգը, «հարյուրավոր ինքնաթիռներ և տասնյակ նավեր» արդեն պատրաստության են բերվել։
Նա նաև կոչ է արել Ռուսաստանին «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել ուժերն Ուկրաինայից և ընտրել դիվանագիտական ճանապարհ»։ Սթոլթենբերգն ընդգծել է, որ դաշինքը կշարունակի փորձել կապ հաստատել Ռուսաստանի հետ՝ ներկայիս հակամարտությունը թուլացնելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան նպատակ չունի օկուպացնելու ուկրաինական տարածքները։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խոցվում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Մինչ այս ՌԴ ղեկավարը ՆԱՏՕ-ի երկրներից և ԱՄՆ-ից պահանջել էր Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև իրավական պարտավորություններ՝ ավելի չընդլայնվել դեպի Արևելք, հրաժարվել Ուկրաինային և Վրաստանին Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերում ընդունելուց։ Այնուամենայնիվ, ռուսական մտահոգություններն ու պահանջները հիմնականում անտեսվեցին արևմտյան մայրաքաղաքների կողմից: