Բաքուն դժգոհություն է հայտնել Մոսկվայից Արևելյան Հայաստանի պատճառով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել Մոսկվայից, քանի որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման օրը ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվել է հրապարակում 1828թ. Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ, որտեղ հստակ ասվում է, որ Պարսկաստանից Ռուսաստանին անցած Էրիվանի և Նախիջևանի խանություններն Արևելյան Հայաստանի մաս են կազմում։
«Զարմանալի և ցավալի է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը խեղաթյուրված տեղեկատվություն է հրապարակել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման օրը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որում նաև ընդգծվում է, որ «Արևելյան Հայաստան» արտահայտությունը վերը նշված համաձայնագրի տեքստում որևէ կերպ նշված չէ»։
Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում «վերացնել խեղաթյուրումը»։