Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը
Թուրքիան չի փակի Հայաստանի դռները, եթե Երեւանը վճռական է շարունակելու հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ Աֆրիկյան շրջագայությունից վերադառնալուց հետո ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։
"Եթե Հայաստանը վճռական է շարունակելու հատուկ ներկայացուցիչների կողմից սկսված գործընթացը (հարաբերությունների նորմալացումը – խմբ.), չի կարող խոսք լինել դռները փակ պահելու մասին", - ասել է Թուրքիայի նախագահը:
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, բանակցությունների ընթացքում կողմերը ցույց են տվել իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Ավստրիայի մայրաքաղաքում։
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջեւ սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։
Երկու երկրների միջեւ բարդ հարաբերությունները մի շարք հանգամանքներ են առաջացրել, մասնավորապես, ղարաբաղյան հարցում Անկարայի կողմից ադրբեջանական դիրքորոշման աջակցության եւ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքի հետ կապված: