Ռուսաստանը չի պատրաստվում վերականգնել կայսրությունը. Պուտինը` Ալիևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում վերականգնել կայսրությունը։
«Եվ իհարկե, ես կօգտվեմ առիթից, ձեր այցից՝ տեղեկացնելու ձեզ, թե ինչ է կատարվում մեզ հետ ուկրաինական ուղղությամբ։ Գիտեք, որ երեկ Ռուսաստանը որոշել է ճանաչել Դոնբասի երկու Ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանությունը։
Ուզում եմ անմիջապես ասել. մենք տեսնում և կանխատեսում էինք, կարելի է ասել, շահարկումներ այն թեմայի շուրջ, որ Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել կայսրությունը կայսերական սահմաններում։ Սա բացարձակապես ճիշտ չէ:
Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ճանաչեց բոլոր նոր աշխարհաքաղաքական իրողությունները և, ինչպես գիտեք, ակտիվորեն աշխատում է հետխորհրդային տարածքում ի հայտ եկած բոլոր երկրների, անկախ պետությունների հետ մեր փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Անգամ սուր, շատ սուր իրավիճակներում, որը, ասենք, ԼՂ կարգավորումն է, մենք միշտ գործել ենք շատ զգույշ՝ ելնելով այս գործընթացում ներգրավված բոլոր պետությունների շահերից և միշտ փորձել ենք հասնել փոխընդունելի լուծումների։
Ցավոք, Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո մենք Ուկրաինայի հետ փոխգործակցության նման մակարդակ ու որակ չենք տեսնում, այն վերացել է։ Ուզում եմ շեշտել` դա տեղի ունեցավ պետական հեղաշրջումից և իշխանության անօրինական զավթումից հետո»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը: